«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանդիպումը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ այսօր չկայացավ:
ՍԴ նախասրահում քննարկումը հետաձգելու մասին հեռախոսով տեղեկացրեց դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը․ հանձնաժողովը զբաղված է, ստացել են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որն այժմ ուսումնասիրում են։ Պարույր Հայրիկյանը, սակայն, չի ընդունում այս արդարացումը:
«Սա հերթական խաբկանքն է մեր ժողովրդի հանդեպ։ Սրանից երևաց, որ այսպես կոչված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով գոյություն չունի»,- ասաց նա։
ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ հանձնաժողովը որոշել է խուսափել հանդիպումից, երբ ինքը նախապայման է դրել՝ քննարկումը հրապարակային պետք է լինի, հանդիպմանը պետք է մասնակցեն նաև լրագրողները:
«Իրենք առաջարկում են մեկ շաբաթ հետո հանդիպել։ Սա այնպիսի գործընթաց էր, որ մենք կարող էինք ոչ թե մեկ շաբաթ անց, այլ ամեն շաբաթ հանդիպել ու քննարկել, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Հարցը դա չէ։ Հարցն այն է, որ երբ իմացան իրական հրապարակային քննարկման հնարավորություն է ընձեռնված, դա իրենց սարսափեցրեց։ Սարսափեցրեց ոչ միայն հրապարակային քննարկումը, այլ այն, որ խավարի և լույսի ակնհայտ տարբերությունը պիտի երևար։ Մի կողմում իրենք ներկայացրել են խավարը մարմնավորող նախագիծ, այստեղ լույս է երևում։ Քաղաքացի՛, դու երկրի տերն ես»,- ասաց Հայրիկյանը։
Մինչև Սահմանադրական դատարան մտնելը, որի գրադարանում էլ պետք է կայանար հանդիպումը, Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ դեռ երեկ ուշ երեկոյան է հեռախոսազանգ ստացել անհայտ հեռախոսահամարից, որով իրեն հայտնել են քննարկումը հետաձգելու մասին: Հայրիկյանը, սակայն, եկել էր անձամբ համոզվելու, որ հեռախոսազանգը սադրանք չէ:
Պարույր Հայրիկյանը երեկ հետաձգել էր բողոքի երթը դեպի բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գլխավորող Գագիկ Հարությունյանի աշխատավայր՝ Սահմանադրական դատարան՝ ակցիան անիմաստ համարելով համատեղ քննարկման առաջարկի պայմաններում: Հարցին՝ արդյոք բանակցությունները տապալվա՞ծ են համարում և վերսկսելո՞ւ են փողոցային բողոքի ակցիաները, Հայրիկյանը պատասխանեց.- «Պիտի քննարկենք, նոր որոշում ընդունենք։ Այս պահին տապալված են, բայց ընդհանրապես՝ չէ։ Քանի կենդանի ենք, միշտ հնարավորություն կա։ Իրենք ավելի շատ պիտի մտածեն։ Պիտի մտածեն՝ մենք սրանից հետո իրենց հետ կխոսենք, թե՝ չենք խոսի»։