Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցը, ուսումնական տարին չմեկնարկած, «արդեն մի քանի աշակերտ է կորցրել»,- ասում է տնօրեն Գրիգոր Հարությունյանը, հավելելով․ - «Էս պահի դրությամբ Ռուսաստան արտագաղթած երեք աշակերտ ունենք, երկու երեխա էլ Երևան են գնացել»:
Թիվ 2 ավագ դպրոցում պատկերը փոքր-ինչ այլ է: Արտագաղթին զուգահեռ այստեղ նաև ներգաղթ է եղել: Հարցին՝ ավելի շատ ներգաղթա՞ծ, թե՞ արտագաղթած աշակերտներ ունեն, տնօրեն Հովիկ Պետրոսյանը պատասխանեց․ - «Ուսումնական տարվա ավարտից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում 5 աշակերտներ հեռացել են Ռուսաստան: Նաև ասեմ՝ իրենք Ռուսաստանից էին եկել, մի քանի տարի մնացել ու նորից գնացել են: Բայց անցած ուսումնական տարում ավելի շատ եկել են, քան գնացել, Ռուսաստանից, Ուկրաինայից»:
Գյումրիի ավագ դպրոցներն այս տարի մեկ այլ խնդրի առաջ էլ են կանգնել: «Չի պահպանվում 12-րդ դասարանն ավարտողների քանակը, ընդունվողների քանակը ևս չի պահպանվում, նվազում է», - ասում է Հովիկ Պետրոսյանը:
Շիրակի մարզի ամենամեծը համարվող թիվ 7 հիմնական դպրոցում 1000 աշակերտ է սովորում: Դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանն ասում է, որ իրենց դպրոցից արտագաղթով պայմանավորված հեռացածներ էլ կան, ներգաղթած երեխաներ էլ ունեն:
«Մոտ 12 երեխա գնացել է արտերկիր»,- ասում է տնօրենն ու հավելում, որ նոր եկած երեխաների հաշվին էլ կարողանում են «բալանսը պահել»:
Ի տարբերություն նշված դպրոցների, թիվ 17 հիմնական դպրոցում աշակերտների թիվն անհամեմատ քիչ է՝ ընդամենը 138: Բայց արտագաղթը նույնիսկ այս դպրոցում եղած պատկերից է տեսանելի:
Տնօրեն Կարապետ Ներսիսյանի խոսքով, «աշակերտներ թվի բալանսը» ամեն ուսումնական տարում պահելը շատ դժվար է: Այդչափ քիչ թվով աշակերտների պարագայում արդյոք հնարավո՞ր է դպրոց պահել, այս հարցին Ներսիսյանը պատասխանեց. - «Եթե ուռճացված հաստիքներ չկան, մեր բյուջեն լրիվ բավարար է: Ես ունեմ ընդամենը 19 ուսուցիչ, դա լրիվ բավարար է: Բայց եթե ես 6 հաստիք խնդրեմ Պողոսից բերեմ, յոթերորդն էլ դնեմ գրպանս, իհարկե չի բավարարի»:
Արտագաղթի պատճառով թիվ 17 դպրոցից էլ հեռացածներ կան: Ըստ տնօրենի, հիմնականում գնում են Ռուսաստան և Թուրքիա, նաև Հոլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա:
Գյումրիի դպրոցներից հեռացած և դպրոց եկած աշակերտների թվերի հարաբերակցության իրական պատկերն ավելի հստակ կլինի սեպտեմբերին, ուսումնական տարվա մեկնարկից հետո: