Ինչպես և հայտարարում էր պաշտոնական Մոսկվան, չորեքշաբթի օրը Ռուսաստանը օգտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի՝ վետոյի իր իրավունքից և տապալեց «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» օդանավի կործանման հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու մասին բանաձևի ընդունումը:
Նախագծին կողմ քվեարկեց 11 երկիր, 3-ը ձեռնպահ էին, դեմ քվեարկեց միայն Ռուսաստանը:
Ըստ նիդերլանդացի քննիչների նախնական եզրակացության՝ «Բոինգ»-ը հակաօդային պաշտպանության «Բուկ» տեսակի «երկիր-երկինք» հրթիռով վայր են գցել Դոնբասի ռուս անջատողականները։ Սակայն նրանք, ինչպես նաև պաշտոնական Մոսկվան հերքում են այդ մեղադրանքը:
Հոլանդացիների վերջնական զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին:
Ռուսաստանին նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան նպատակահարմար չի գտնում միջազգային դատարանի ստեղծումը:
Իսկ Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ուկրաինական կողմին մեղադրեց նրանում, որ թույլ են տվել քաղաքացիական օդանավին թռչել մի տարածքով, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ:
«Այդ կապակցությամբ ես միայն մեկ-երկու հարց ունեմ ուկրաինացի նախարարին՝ իսկ ինչո՞ւ էին քաղաքացիական օդանավերը ուղղել գոտի, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, ինչո՞ւ են դա արել, ո՞վ է պատասխանատվություն կրել դրա համար», - հայտարարեց Չուրկինը:
Պաշտոնական Կիևը դատապարտել է Ռուսաստանի այս դիրքորոշումը: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այս առիթով գրել է, որ քվեարկության արդյունքներից արդեն իսկ ամեն ինչ պարզ է դառնում:
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանն անտեսել է այն երկրների հանրության կարծիքը, որոնց քաղաքացիները զոհվել են այդ օդանավում:
Միջազգային դատարան ստեղծելու մասին նախագիծը ենթադրում էր քրեական պատասխանատվություն բոլոր նրանց համար, ում դատարանը մեղավոր կհամարեր «Բոինգ»-ի կործանման մեջ:
Արձագանքելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քվեարկությանը, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, նշել է՝ նախագահ Պուտինը ինքնաթիռի կործանման հարցով անաչառ, անկողմնակալ հետաքննություն անցկացնելու կողմնակից է և դեմ է, որ այդ գործընթացը վերածվի «քաղաքական շոուի»: «Մոսկվայում ամեն ինչ կանեն ճշմարտությունը բացահայտելու համար», - հավելել է Պեսկովը: