Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների սենատորները գոհ չեն Իրանի հետ գործարքից


ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 23-ը հուլիսի, 2015թ․
ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 23-ը հուլիսի, 2015թ․

ԱՄՆ-ի Սենատում բուռն քննարկումներ են ընթացել գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների միջև:

Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան մի շարք անդամներ՝ պետքարտուղար Ջոն Քերրիի գլխավորությամբ, լուրջ քննադատության են ենթարկվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության հարցով հինգշաբթի օրվա լսումների ընթացքում:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերին հատկապես անհանգստացնում էր, որ համաձայնագրի վավերացման դեպքում էներգակիրների հարուստ պաշարներ ունեցող Իրանն այնուամենայնիվ շարունակելու է միջուկային ծրագրի ոչ ռազմական բաղադրամասը, որի կարիքն իրականում չունի:

«Ոչ ոք չի կարող բերել գեթ մեկ փաստարկ, որն արդարացներ Իրանի կողմից միջուկային խաղաղ ծրագրի շարունակությունը», - ասաց Քորքերը:

Դրան գումարած՝ որոշ պատժամիջոցների վերացման դեպքում Իրանը լուրջ եկամուտներ է ստանալու էներգակիրների վաճառքից, և դեռ հարց է, թե ուր են ուղղվելու այդ եկամուտները:

Գործարքը պաշտպանող պետքարտուղար Քերրիի խոսքով՝ Իրանն ատոմային ռումբ պատրաստելու համար բավականաչափ հումք արդեն ուներ, երբ սկսվեցին բանակցությունները:

«Պարոնայք, նրանք դեռևս 10 տարի առաջ ունեին այն ամենը, ինչ ուզում էին: Երբ մենք սկսեցինք բանակցությունները, Իրանն ուներ բավարար հումք 10-12 ատոմային ռումբ ստեղծելու համար: Մենք փորձում ենք դադարեցնել նրանց ռազմական ծրագիրը, ոչ թե լիակատար դադարեցնել նրանց ընդհանուր միջուկային ծրագիրը», - հայտարարեց Քերրին:

Պետքարտուղարն ընդգծեց, որ հենց բանակցությունների բացակայության պայմաններում էր, որ Իրանը տասնապատիկ ավելացրել էր իր միջուկային ծրագրի ծավալները և չի պատրաստվում դադարեցնել դրա ոչ ռազմական բաղադրիչը:

«Բոլոր այստեղ գտնվողները լավ են գիտակցում, թե դրա լիակատար դադարեցումն ինչ է կոչվում. այն կոչվում է ռազմական գործողություններ, քանի որ այլ կերպ նրանք դա չեն դադարեցնի», - հայտարարեց Քերրին:

Վերլուծաբանների կարծիքով, նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ Բարաք Օբամայի վարչակազմին բարդ կլինի Իրանի հետ համաձայնագիրն անցկացնել Կոնգրեսում, առավել ևս՝ հաշվի առնելով օրենսդիրներից շատերի անվստահությունը պաշտոնական Թեհրանի նկատմամբ:

«Ատոմային ռումբի մարտագլխիկն ընդամենն այսքան փոքր չափսի է և կարող է հեշտությամբ քողարկվել», - նշեց սենատոր Քորքերը:

Լսումների վերջում սենատոր Ռոբերտ Մենենդեսը պետքարտուղարին հարցրեց, թե արդյոք նրա կարծիքով Իրանը պետք է տարածաշրջանային ուժ դառնա, ինչին ի պատասխան՝ Ջոն Քերրին ընդգծեց, որ դրա համար Թեհրանին անհրաժեշտ է հիմնովին փոխել իր մոտեցումները բազմաթիվ հարցերի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG