Մատչելիության հղումներ

Շարմազանով. ՀԱԿ-ը «մտել է բովանդակային քննարկումների մեջ»


Իշխող Հանրապետական կուսակցությունը արձագանքում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի քննադատությանը:

Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) արձանագրում է, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «մտել է բովանդակային քննարկումների մեջ»:

«Մենք չենք էլ ակնկալում, որ բոլոր քաղաքական ուժերը կողմ կլինեն սահմանադրական բարեփոխումներին, բայց, բնականաբար, չհամաձայնելով Հայ ազգային կոնգրես քաղաքական ուժի ներկայացրած որոշ թեզերի հետ, կամ միգուցե այդ թեզերի մեծամասնության հետ, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ ՀԱԿ-ը առաջընթաց է արձանագրել», - հինգշաբթի ուշ երեկոյան Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Որն է այդ առաջընթացը․ եթե նախկինում Տեր-Պետրոսյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը կտրականապես մերժում էր սահմանադրական բարեփոխումների քննարկումը, ապա այսօրվա նրանց հայտարարությունը, մեջբերումներ անելը, այսինքն՝ վերլուծություններ անելը տեքստից, իրավական գնահատականներ հնչեցնելը, խոսում է մի կարևոր փաստի մասին, որ այլևս Հայ ազգային կոնգրեսը մտել է բովանդակային քննարկումների մեջ», - պնդեց ՀՀԿ-ի խոսնակը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Փաստը այն է, որ եթե նախկինում Տեր-Պետրոսյանը և Կոնգրեսը մերժում էին սահմանադրական բարեփոխումների օրակարգ լինելու պարագան, այսինքն՝ սահմանադրական բարեփոխումների քննարկումը իսկ, այսօր արդեն իրենք քննարկում են: Սա բավականին առաջընթաց է Կոնգրեսի համար: Իսկ այն, որ նրանք դեմ են այս կամ այն դրույթին` դա իրենց կարծիքն է, դեռևս սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակն է, դեռևս մենք չունենք վերջնական տարբերակը, կա ժամանակ՝ կքննարկենք, կտեսնենք», - ասաց Շարմազանովը:

«Ես այն ժամանակ էլ եմ ասել, այսօր էլ եմ ասում՝ Հայաստանի հանրապետական կուսակցության համար ամեն գնով սահմանադրական բարեփոխումներ անցկացնելը գերնպատակ չէ: Պարզապես մեր կարծիքը հետևյալն է, որ այս փուլում Հայաստանի Հանրապետության համար ավելի շահեկան կլինի, որպեսզի մենք անցում կատարենք այս խորհրդարանական մոդելին, որը հնարավորություն է տալիս ավելի անցնցում կառավարման, ավելի արդյունավետ կառավարման, ինչու չէ՝ նաև ավելի անցնցում իշխանափոխության համար», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը՝ հավելելով․ - «Բայց միևնույն ժամանակ կլինեն նաև տարբեր կարծիքներ, որը ես բնական եմ համարում ժողովրդավարական երկրների համար»:

Հիշեցնենք` Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը առավոտյան հայտարարություն էր տարածել, որում, մանրամասն վերլուծելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի հրապարակված մասը, եզրակացրել էր, որ Սերժ Սարգսյանի` ՀԱԿ-ի ձևակերպմամբ «հակաժողովրդավարական ռեժիմի» վերարտադրման ու հավերժացման խնդիրը փորձ է արվում լուծել Ազգային ժողովում Հանրապետականի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու և «Սերժ Սարգսյանի ձեռքում բացառիկ լիազորություններով օժտված Ազգային ժողովի նախագահի և Հանրապետականի գենսեկի պաշտոնները մեկտեղելու միջոցով»։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար:

XS
SM
MD
LG