Մատչելիության հղումներ

Գևորգ Դանիելյան․ «Այն, ինչ առաջարկել ենք, քննարկումների արդյունքում է որոշվել»


Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընտրիչների ինստիտուտի ներդրման տարբերակի վրա կանգ է առել՝ «զուտ միջազգային պրակտիկան հաշվի առնելով»: Այդ մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը, ով «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման հուլիսի 19-ի թողարկման հյուրն էր:

Անցած շաբաթ, երբ հրապարակվեց Սահմանադրության նախագծի 1-7-րդ գլուխների նախնական տարբերակը, հանրության քննարկման առարկա դարձան մի շարք հարցեր: Դրանց թվում ամենաշատը թերևս քննարկվեց ընտրիչների գաղափարը: Ընտրիչը նա է, ով փաստորեն փոխարինելու է քաղաքացուն նախագահի ընտրության ժամանակ: Ընտրիչների մի մասը, ըստ նախագծի, Ազգային ժողովի պատգամավորներ են, մի մասը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

«Ազատության» խնդրանքով պարզաբանումներ ներկայացնելով ընտրիչների ինստիտուտի առնչությամբ՝ Գևորգ Դանիելյանը ասաց․ -«Այստեղ մի քանի տարբերակներ կար: Եթե հիշում եք՝ մենք նաև հայեցակարգի փուլում առաջադրեցինք հնարավոր տարբերակներ և ակնկալում էինք նաև քաղաքական ուժերի հետ քննարկումների ընթացքում, որպեսզի շոշափվեն այդ հարցադրումները: Եվ այն, ինչ որ մենք այսօր առաջարկել ենք, դրա, էդ քննարկումների արդյունքում է որոշվել, թեպետ մնացել են տարաձայնություններ, օրինակ՝ կապված Սփյուռքի, որովհետև եթե հիշում եք՝ կար տարբերակ, որ ընտրիչների ցանկում կարելի է ներգրավել, նպատակահարմար է ներգրավել նաև Սփյուռքի ներկայացուցիչների»:

«Որովհետև [նախագիծը] ասում է՝ տեղական ինքնակառավարման մարմիններում կարող են ընտրվել օտարերկրյա քաղաքացիներ, և նկատի ունեն հենց Սփյուռքը երևի, հա՞», - «Ազատության» այս դիտարկմանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչը արձագանքեց․ - «Դա նկատի չունեն, չէ, այնտեղ ուղղակի մենք տալիս ենք հնարավորություն՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու նաև մարդկանց, որոնք հանրապետության քաղաքացիներ չեն: Սա ընդհանուր կանոն է՝ միջազգային չափանիշներով»:

«Ընտրիչների տարբերակը ինչու է ընտրվել և ինչի չի ընտրվել անմիջական մանդատի տարբերակը: Որովհետև այս հարցն էլ երկար քննարկվողներից էր: Նաև կային քաղաքական ուժեր, ասում էին, որ լավ, ինչն է խանգարում, որ իսկապես հանրապետության նախագահը թեկուզ առաջարկվող կարգավիճակով, մի փոքր ավելի նվազ լիազորությունների շրջանակով ունենա առաջնային մանդատ», - ասաց Դանիելյանը՝ շարունակելով․ - «Ինչու ենք մենք սա համարում ոչ այնքան նպատակահարմար՝ զուտ միջազգային պրակտիկան հաշվի առնելով, որովհետև այն դեպքերում, երբ և՛ մեր հարևան երկրում, և՛ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում, հետխորհրդային այն երկրները նկատի ունեմ՝ հետսոցիալիստական, որոնք ընտրել են խորհրդարանական կառավարման ձևը, միաժամանակ առաջնային մանդատ ստանալու իրավունք են վերապահել նախագահին, սա տեղիք է տվել ոչ այնքան ներդաշնակ քաղաքական մթնոլորտի, որքան ավելորդ հակասությունների: Ոչ այնպիսի հակասությունների, որոնք երբեմն նաև նպաստում ն քաղաքական կյանքի զարգացմանը, որոշումների կայացմանը, փոխզիջումներին: Խոսքը այնպիսի հակասությունների մասին է, որոնք իջնում են կենցաղային հարթության վրա: Սա մենք չէինք կարող ընդունել»:

Դրա համար, ըստ հանձնաժողովի ներկայացուցչի, առաջարկվում է ընտրիչների տարբերակը:

«Եթե նկատեք, մենք կարող ենք բավարարվել Ազգային ժողովով, շատ երկրներ այդպես էլ արել են: Սա միջանկյալ լուծում է, ոչ այնքան, ասենք, անմիջական մանդատ է, առաջնային մանդատ է, բայց և անմիջապես խորհրդարանով պայմանավորված էլ չէ, որովհետև հնարավոր է՝ խորհրդարանում քաղաքական ուժը դրսևորի, այնուամենայնիվ, այնպիսի մի վարքագիծ՝ կադրի ընտրության առումով, որը համահունչ չլինի: Էս դեպքում, երբ արդեն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն են մասնակցում, սրա հնարավորությունը նվազում է, այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմիններում կարող են ներգրավված լինել նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, և էս համամասնությունը էնտեղ հնարավոր է մի փոքր ա՞յլ լինի», - ասաց Գևորգ Դանիելյանը:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման հուլիսի 19-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG