Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ի գույքը չվերադարձնելը «քաղաքական հալածանք» է


«Հիմնադիր խորհրդարան»-ի գույքը չվերադարձնելը «քաղաքական հալածանք» է
please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր միավորումը հայտարարում է, որ իշխանությունները միտումնավոր կերպով արդեն երեք ամիս չեն վերադարձնում կազմակերպության գրասենյակներից և անդամների բնակարաններից առգրավված գույքն ու անձնական իրերը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի նախաձեռնած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մի շարք անդամների զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեջ կասկածելու փաստով այս տարվա ապրիլին 7-ին քրեական գործ հարուցվեց: Խուզարկություններ անցկացվեցին նրանց բնակարաններում, «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակներում: Կալանավորվեց կազմակերպության հինգ անդամ, այդ թվում ՀԽ նախագահ Գարեգին Չուքասզյանը և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Կալանավորվելուց մեկ ամիս անց նրանք ազատ արձակվեցին: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը, ով նույնպես գործով մեղադրվողների թվում է, պնդում է, որ նույնիսկ ազատ արձակվելուց հետո հնարավորություն չունեն առանց խոչընդոտի իրականացնելու իրենց հասարակական-քաղաքական գործունեությունը, քանի որ իրենց պատկանող համակարգիչները, բանկային քարտերն ու պայմանագրերը, փաստաթղթերն ու կնիքը, ինչպես նաև բարձրախոսները դեռևս գտնվում են քննությունը վարող մարմնի մոտ: «Ամեն ինչ արվում է քրեական գործը որպես հալածանքի միջոց օգտագործելու համար», - ասում է նա։

Խուզարկություններ անցկացնելու օրվանից ի վեր, ավելի քան երեք ամիս քննիչները պահում են նաև Ժիրայր Սեֆիլյանի կողմից օգտագործվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան։ Մասնագիտությամբ իրավաբան Վարուժան Ավետիսյանը անհեթեթ է համարում անձնական օգտագործման ավտոմեքենայում հայտնաբերված մետաղյա ձողը որպես հանցագործության դիտավորության ապացույց գնահատելու՝ քննիչների միտումը։

«Ավտոմեքենայի մեջ լինգի նմանվող երկաթի կտոր է հայտնաբերվել, որը բոլոր մեքենաների մեջ պետք է որ լինի՝ մեքենան համապատասխան իրավիճակներից հանելու, անվադող փոխելու և այլ նպատակների համար: Ընդամենը այդ ձողը հայտնաբերելու պատճառով մեր համակարգիչները պահում են, որպեսզի վնասեն մեզ և չկարողանանք մեր ամենօրյա գործունեությունն իրականացնել, կամ բանկային քարտերն ի՞նչ իրավունք ունեն պահելու, եթե դա միայն ինձ և բանկին հասանելի ինֆորմացիա է պարունակում», - տարակուսում է Ավետիսյանը:

Ապրիլի 7-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների բնակարաններից ու գրասենյակներից առգրավված գույքից վերադարձվել է միայն երեք համակարգիչ, որոնցից երկուսը պատկանել են մեղադրվողների ընտանիքների անդամներին և կապ չեն ունեցել նրանց հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Առգրավված մյուս իրերը վերադարձնելու մասին բոլոր դիմումները քննչական մարմինը մերժել է՝ պատճառաբանելով, որ դրանք դեռևս անհրաժեշտ են նախաքննության համար։

Վարուժան Ավետիսյանն ասում է, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամների դեմ մեղադրանք առաջադրելուց հետո մեկ անգամ հրավիրվել են հարցաքննության։ Իրենք, սակայն, հրաժարվել են ցուցմունք տալ՝ հայտարարելով, որ այս քրեական գործը «քաղաքական պատվեր է և որևէ հիմք չունի»։

«Կարծում եմ՝ այս պատվեր տվողը դեռ հակառակ պատվերը չի տվել, և իրենք էլ ինչքան կարողանում են նախկին պատվերի հանձնարարականների շրջանակում փորձում են վնաս հասցնել», - նշում է Վարուժան Ավետիսյանը: Վերջինս համոզված է, որ այս քրեական գործը ներպետական դատական միջոցները սպառելուց հետո հասցնելու են Եվրոպական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG