Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ։
Խանումյանը մեղադրվում է «Իլուր» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։ Քրիստինե Խանումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
«Լրատվամիջոցների ներկայացուցիչները չպետք է պատասխանատվության կանչեն հանրությանը հետաքրքրող տեղեկատվությունը հրապարակելու ու տարածելու համար»,- այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում գրել է Միյատովիչը. - «Եթե այդ տեղեկատվությունը օրենքով չի համարվում գաղտնի՝ ազգային անվտանգության նկատառումներով կամ այլ գերակա շահերի պաշտպանության համար, պետությունը պետք է լիակատար պաշտպանություն ապահովի՝ ընդդեմ լրագրողի աղբյուրը բացահայտելուն ուղղված ցանկացած իրավական կամ վարչական սանկցիայի»։
«Այս սկզբունքը անկախ լրագրության և ազատ մամուլի հիմնական պահանջներից մեկն է»,- շեշտել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կփակեն Խանումյանի դեմ հարուցված գործը։