Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Փառատոնի բացմանը նախորդեց կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին փառատոնի պատվավոր հյուրեր Օռնելա Մուտին և Նաստասյա Կինսկին, ինչպես նաև լեգենդար կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը, բազմաթիվ անվանի արվեստագետներ, հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
12-րդ «Ոսկե ծիրանը» այս տարի ստացել է ավելի քան 1600 հայտ 105 երկրներից։ Ընտրված մոտ 200 ֆիլմերը բաշխվել են 4 մրցութային ու արտամրցութային ծրագրերում։
Փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի մտցվել են «Մենք կանք» և «Այլևս երբեք» ծրագրերը։