Թե ինչ զինատեսակներ են դրանք՝ պետական գաղտնիք է: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց․ - «Մենք ձեռք ենք բերում նոր զինատեսակ, որը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ չի եղել նախկինում»:
Պայմանագիրը, ըստ Արա Նազարյանի, կծառայի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությանը և Հայաստանի հետագա անվտանգության ապահովման նպատակներին․ - «Այս ամենը ուղղված է մի բանի, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում ապահովել խաղաղություն, ապահովել հավասարակշռություն»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը, քանի որ իր համար պարզ չէ, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը այս վարկը նկատի ուներ, երբ իր ելույթում նշում էր, թե էլեկտրաէներգիայի թանկացումը կառավարությունը սուբսիդավորելու է անվտանգության հետագա ապահովմանն ուղղված միջոցներից:
Պատգամավորի խոսքով՝ պաշտոնական հաղորդագրությունների համադրությունից և այս պայմանագրի արտահերթ վավերացումից այդ տպավորությունն է ստեղծվում․ - «Տպավորությունն այնպիսին է, որ անվտանգության համար նախատեսված ինչ-որ գումար վերցվում-դրվում է ՀԷՑ-երի վրա, և առաջացած ճեղքը փակելու համար Ռուսաստանը Հայաստանին վարկ է տալիս: Եվ ըստ էության ստացվում է, որ ոչ միայն սեփական միջոցներից փակում ենք ՀԷՑ-ի ճեղքվածքը՝ գոնե ժամանակավորապես, այլև տոկոս պիտի վճարենք դրա համար»:
Արա Նազարյանը հավաստիացրեց, թե վարկը ուղղվելու է միայն զինտեխնիկա գնելուն․ ոչ մի լումա չի ծախսվի այլ նպատակներով: Իսկ արտահերթ նիստով պայմանագիրը քննարկելու հրատապության պատճառը, ըստ փոխնախարարի, սեպտեմբերին Ռուսաստանում զինտեխնիկայի գների հնարավոր աճն է:
Հանրապետական խմբակցությունից Գագիկ Մինասյանը Փաշինյանին հակադարձեց, թե Հայաստանը ոչ թե կանխիկ գումար է ստանալու, այլ՝ միանգամից զինտեխնիկա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ թեև խնդրահարույց են համարում առանց այն էլ հսկայական պետական պարտքի պայմաններում նոր վարկերի ներգրավումը, այնուամենայիվ բոլոր հարցերը մի կողմ են դնելու և երկրի անվտանգության ապահովման օգտին են քվեարկելու, քանի որ մնացած բոլոր հարցերը ստորադաս են:
Զուրաբյանը, սակայն, տարակուսեց, թե ինչու է երկրի նախագահը փորձում հարցերը լուծել երկրի անվտանգության ապահովման համար նախատեսվող գումարներից․ - «Ինչ լուծում ասես չեն առաջարկի՝ է՛լ աուդիտ կանենք, է՛լ բեռը կդնենք կառավարության վրա, և այլն, և այլն․․․ Բայց այդ խնդիրը չեն փորձում լուծել թալանի վերացման միջոցով: Մեղավորներին պատժելու, գողացված գումարները ժողովրդին վերադարձնելու տարբերակը ընդհանրապես չի դիտարկվում: Ինչը կլուծեր և՛ ցուցարարներին բավարարելու, և՛ անվտանգության հարցը»:
«Սիրելի խորհրդարան, Վովա Գասպարյանի խոսքերով դիմում եմ ձեզ՝ սթափվե՛ք: Սթափվե՛ք», - եզրափակեց Զուրաբյանը:
Պայմանագրի վավերացմանը միակ դեմ քվեարկած պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») նկատեց, թե Հայաստանը ստորացուցիչ պայմաններով հերթական վարկն է բերում, իսկ Ռուսաստանն ամենևին ռազմավարական դաշնակցի պես չի վարվում․ - «Մի կողմից Ռուսաստանը նույն զենքը վաճառում է Ադրբեջանին, դուք ձայն չեք հանում, այդ մասին ոչ մի բողոք չեք ներկայացնում, մյուս կողմից՝ այդ նույն զենքը ստիպված ենք մենք գնել վարկային միջոցների շնորհիվ, որը ավելացնելու է մեր արտաքին պարտքը»:
Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) հակադարձում է, թե վարկի պայմանները բացառիկ են, Հայաստանին նորագույն զինատեսակները տրամադրվում են գործարանային գներով: