Մատչելիության հղումներ

Նախնական տեղեկություններով ոստիկանության բաժիններ է տարվել 237 անձ


Ոստիկանության նախնական տեղեկություններով, այս պահի դրությամբ` Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու ընթացքում բաժիններ է տարվել 237 անձ:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բաժին տարված անձանցից 7-ը դիմել է բուժօգնության, նրանցից 3-ը հիվանդանոց է տեղափոխվել:

Գործողության ընթացքում տուժել և վնասվածքներ է ստացել 11 ոստիկան:

Այսօր վաղ առավոտյան Ոստիկանությունը ֆիզիկական ուժի և հատուկ տեխնիկայի գործադրմամբ ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում:

Երեկ երեկոյան լրացավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը, և ցուցարարները, չնայած ոստիկանության նախազգուշացումներին, շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Ոստիկանները փակեցին փողոցը, և ցուցարարները, հանդիպելով նրանց շղթային, որոշեցին նստել հենց փողոցի մեջտեղում: Ժամեր տևած բանակցություններից հետո, երբ ակտիվիստները հրաժարվեցին բացել Բաղրամյան պողոտան, որտեղ ինքնաբուխ նստացույց էին անցկացնում, ոստիկանությունը նախազգուշացրեց, որ ցույցը անօրինական է, և սպառնաց «օրենքով նախատեսված կերպով» ուժ գործադրել, ինչին առավոտյան ժամը 5:30-ին մոտ հետևեց ցրման գործողությունը՝ հատուկ տեխնիկայի, ջրցան մեքենայի օգտագործմամբ:

Ցուցարարները պահանջում էին չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը, երբ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG