Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահի կուսակցությունը կարող է պառակտվել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ, 11-ը հունիսի, 2015թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ, 11-ը հունիսի, 2015թ․

Կոալիցիոն կառավարության Էրդողանի գաղափարին դեմ է հենց իր կուսակցության մի մասը, ընդգծում են վերլուծաբանները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններում ձախողումից հետո կարող է պառակտվել: Ընտրողների քվեների ընդամենը շուրջ 40 տոկոսը ստանալուց հետո կուսակցության ներսում խոսակցություններ սկսվեցին հնարավոր պառակտման մասին:

Ինքը Էրդողանը հայտարարել է, որ նոր կառավարություն ձևավորելու նպատակով անհրաժեշտ է դաշինք կազմել․ - «Յուրաքանչյուրը պետք է սեփական եսասիրությունը մի կողմ դնի և մեր երկրում նոր կառավարություն ձևավորի»:

Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Էրդողանի կոալիցիոն կառավարության գաղափարին դեմ է հենց իր կուսակցության մի մասը:

Այսպես, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ և Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ միակուսակցական կառավարության կողմնակից է: «Թե՛ ես, թե՛ մեր նախագահը նախկինում հայտարարել ենք, որ կոալիցիաները Թուրքիայի համար չեն, ու մենք շարունակում ենք մնալ այդ մտքին», - ասել է Դավութօղլուն:

Բանն այն է, որ եթե նորընտիր խորհրդարանական ուժերին չհաջողվի կոալիցիոն կառավարություն ձևավորել, ապա 45 օր անց Թուրքիայում արտահերթ ընտրություններ կհայտարարվեն:

Չնայած դրան, անսպասելի բարձր տոկոսներ հավաքած և առաջին անգամ Թուրքիայի խորհրդարան անցած քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ կոալիցիա չի կազմելու Էրդողանի կուսակցության հետ: «Մենք դեռևս դիտարկում ենք դաշինքներ կազմելու տարբերակները, սակայն «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինք կազմելու վերաբերյալ մեր մոտեցումը չի փոխվել: Դաշինք ասելով՝ ես ի նկատի ունեմ այլ ուժերի հետ դաշինքներ», - հայտարարել է կուսակցության համանախագահ Սելահեթդին Դեմիրթաշը:

Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը, իր հերթին, հայտարարել է, որ ստեղծվելու դեպքում դաշինք կլինի ոչ թե Էրդողանի կուսակցության հետ, այլ մյուս կուսակցությունների միջև:

Վերլուծաբաններն արդեն նշում են, որ արտահերթ ընտրությունների դեպքում դժվար է կանխատեսել, թե ինչպիսի մոտեցում կդրսևորի Էրդողանի երբեմնի իշխող կուսակցությունը, և այդ կապակցությամբ նշանակալի են համարում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի քաղաքականություն վերադառնալու որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG