Մատչելիության հղումներ

«Ալիևները արդեն մեդիա-բանտում են»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է Եվրոպական խաղերին երկիրը ներկայացնող ադրբեջանցի մարզիկներին, Բաքու, 9-ը հունիսի, 2015թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է Եվրոպական խաղերին երկիրը ներկայացնող ադրբեջանցի մարզիկներին, Բաքու, 9-ը հունիսի, 2015թ․

Բաքվում Եվրոպական խաղերի մեկնարկին զուգահեռ հրապարակվել է նոր զեկույց Ադրբեջանում իշխող գերդաստանի մութ գործարքների մասին։

Այսօր Բաքվում բացվում են օլիմպիական կազմակերպությունների հովանու ներքո կազմակերպված Եվրոպական առաջին խաղերը։

Իրավապաշտպան կազմակերպությունները ամիսներ շարունակ ահազանգում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի մասին, նշելով, որ այդ երկրում բանտարկում են այլախոհներին, անկախ լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին և սոցիալական ակտիվիստներին։ Առավել ծանր հալածանքների են ենթարկվում իշխանության հանցանքների մասին նյութեր հեղինակող մարդիկ։

Կազմակերպված հանցագործությունների և կոռուպցիայի փաստերը բացահայտող միջազգային կենտրոնը հրապարակել է նոր զեկույց Ադրբեջանում իշխող Ալիևների գերդաստանի ֆինանսական մութ գործարքների մասին։ Այն տեղադրվել է Khadija Project կայքում։ Խադիջա Իսմայիլովան «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրողն է, ով անցած տարեվերջին Ադրբեջանում շինծու մեղադրանքով ձերբակալվել է և առայսօր գտնվում է բանտում։

Ըստ զեկույցի, Ալիևների գերդաստանն Ադրբեջանի 45 բանկերից առնվազն 8-ում պահում է մոտ 3 միլիարդ դոլար։ 8 բանկերից երեքն ամենախոշորն ու հզորն են Ադրբեջանում։

Խադիջա Իսմայիլովայի բացահայտումները ցույց են տալիս, որ բանկային գործարքներն Ալիևների ստվերային բիզնեսի ընդամենը մեկ մասն են։ Քաղաքացիական հասարակության ակտիվիստները համոզված են, որ Իսմայիլովային ազատազրկել են Իլհամ Ալիևի և նրա մտերիմների ապօրինի գործարքների մասին նյութեր հրապարակելու համար։

«Խադիջայի, ինչպես նաև Ադրբեջանի հարյուրավոր այլ քաղաքացիների ապօրինի կալանքը վկայում է այն մասին, թե ինչեր կարող են անել Ալիևն ու նրա մտերիմները ժողովրդից գողացած միլիարդները պաշտպանելու համար», - ասել է Կազմակերպված հանցագործությունների և կոռուպցիայի փաստերը բացահայտող միջազգային կենտրոնի աշխատակից Դրյու Սալիվանը։

Khadija Project ծրագրին մասնակցող փորձագետներն ու լրագրողները վերլուծում են ամբողջ աշխարհում բանկերի և ընկերությունների հաշվապահական տվյալները և բացահայտում Ադրբեջանի վերնախավի գաղտնի ստվերային գործողությունները։

Իսմայիլովայի ավելի վաղ հրապարակած տվյալների համաձայն՝ Ալիևի մտերիմները խոշոր ներդրումներ են արել Արաբական Միացյալ Էմիրությունների և Չեխիայի անշարժ գույքի շուկայում, մեծ մասնաբաժին ունեն հանքարդյունահանման, շինարարության և բջջային կապի ոլորտներում։

«Ադրբեջանի առաջին ընտանիքը պետք է իմանա, որ ձերբակալված յուրաքանչյուր լրագրողին կփոխարինեն 20, 40 կամ 100 ուրիշ լրագրողներ, ովքեր ավարտին կհասցնեն գործընկերոջ աշխատանքը: Ալիևները և նրանց մտերիմները միշտ կլինեն լրատվության թեմա, նրանց ցոփ ու շվայտ կյանքը, նրանց աղաղակող ապրելակերպը և Ադրբեջանի ժողովրդի զարհուրելի շահագործումը միշտ կլուսաբանվի մամուլում, նրանք արդեն մեդիա-բանտում են», - ասել է Սալիվանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG