Աշխարհի զարգացած երկրների Մեծ յոթնյակը միասնական դիրքորոշում ունի հիմնական գլոբալ մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ Գերմանիայում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո:
«Ինչ վերաբերում է գլոբալ տնտեսությանը, Ամերիկան գլոբալ տնտեսության հիմնական հենասյունն է», - հայտարարել է Օբաման:
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Մեծ յոթնյակը պատրաստ է Թեհրանի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնել։ «Իրանին տրվում է պատմական հնարավորություն՝ վերջ դնել իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության մտահոգություններին», - ասել է ԱՄՆ-ի նախագահը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի խնդրին, ապա Օբաման նշել է, որ յոթնյակը միակարծիք է ուկրաինական իշխանություններին աջակցություն ցուցաբերելու հարցում: Նա ընդգծել է, որ ռուսական զորքերը շարունակում են գտնվել Ուկրաինայի արևելյան շրջանում՝ խախտելով միջազգային իրավունքը:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ գործողություններից տուժում է հենց Ռուսաստանի ու Արևելյան Ուկրաինայի բնակչությունը։
«Սա հարց է պարոն Պուտինի համար, հենց նա պետք է որոշում կայացնի՝ շարունակելո՞ւ է ոչնչացնել սեփական տնտեսությունը և Ռուսաստանը մեկուսացված պահել՝ սովետական կայսրության հաղթանակների վերարտադրման ցանկությամբ», - ասել է Օբաման։
Ամերիկյան Արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի ավագ վերլուծաբան Ուեյն Մերին այս կապակցությամբ նշում է, որ անհրաժեշտ է խնդիրը դիտարկել նաև Մոսկվայի տեսանկյունից։
«Ռուսաստանի կարծիքով, նրանք չեն խախտել Միացյալ Նահանգների հետ բարիդրացիական հարաբերությունները, այլ այն խախտվել է ամերիկյան կողմից, սկզբում՝ Կոսովոյում, այնուհետև՝ հակահրթիռային ծրագրով և Իրաքի պատերազմով»:
Վերլուծաբանի կարծիքով, Մոսկվան ցանկանում է վերադառնալ ոչ թե սովետական, այլ նախախորհրդային շրջանին, երբ Ռուսաստանը հզոր ուժ էր։