Մատչելիության հղումներ

Էրդողանի կուսակցությունը կորցնում է մեծամասնությունը խորհրդարանում


Էրդողանի կուսակցությունը կորցնում է մեծամասնությունը խորհրդարանում
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում անսպասելի արդյունքներ գրանցվեցին․ նախագահ Էրդողանի հենարանը հանդիսացող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 13 տարի շարունակ խորհրդարանում մեծամասնություն էր ստանում և միանձնյա իշխանություն էր ձևավորում, այս ընտրություններում զիջեց դիրքերը:

Այսօր հետընտրական Թուրքիայում քննարկվող գլխավոր թեման խորհրդարանում կոալիցիա կազմելու հարցն է, քանի որ երեկ կայացած ընտրություններում իշխող կուսակցությունը ստացավ ձայների շուրջ 40,86 տոկոսը: Արդյունքում՝ անհրաժեշտ 276 մանդատի փոխարեն ԱԶԿ-ն խորհրդարանում 258 մանդատ կունենա` այսպիսով չկարողանալով միանձնյա կառավարություն ձևավորել:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե ԱԶԿ-ն կոալիցիայի կարիք չունի, մինչդեռ ընտրությունների արդյունքները իշխող կուսակցությանը փաստի առաջ են կանգնեցրել:

ԱԶԿ-ի հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը սպասվածից փոքր-ինչ պակաս ձայներ է ստացել` 24,95 տոկոս կամ համապատասխանաբար՝ 132 խորհրդարանական մանդատ:

«Ազգայնական շարժում» կուսակցության համար ընտրությունների արդյունքները գոհացուցիչ էին․ նրանց օգտին քվեարկեց ընտրողների 16,29 տոկոսը` ապահովելով 80 մանդատ:

Այս ընտրությունների գլխավոր անակնկալը, իհարկե, գրանցեց Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Ընտրություններից առաջ լայնորեն քննարկվող հարցին, թե արդյոք կուսակցությունը կկարողանա հաղթահարել նվազագույն ընտրական շեմը, ԺԴԿ-ն պատասխանեց՝ ստանալով ընտրողների ավելի քան 13 տոկոսի քվեն:

Մի շարք վերլուծաբանների կարծիքով` կոալիցիա ձևավորելու հարցում Էրդողանի կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, կարող է համաձայնության գալ միայն «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Սակայն վերջինի առաջնորդ Դևլեթ Բահչելին արդեն հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով նման հնարավորությունը:

Խորհրդարան անցած մյուս երկու` Ժողովրդա-հանրապետական և Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները ևս հրաժարվել են կոալիցիայի մաս կազմելուց:

Նախորդ երեք խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած ԱԶԿ-ի դիրքերի անկումը կանխորոշում է նախագահ Էրդողանի իշխանության թուլացումը: Նման մեկնաբանություն է արել ամերիկյան «Նյու Յորք Թայմս»-ը, որի հասցեին Էրդողանը վերջերս սուր քննադատությամբ էր հանդես եկել:

«Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում կորցնում է մեծամասնությունը» վերնագրով հոդվածում «Թայմս»-ը գրում է, թե չնայած կոալիցիոն կառավարության հավանականությանը՝ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ ուրախ են, որ Էրդողանի լիազորությունները չեն ընդարձակվի:

Իսկ թուրքական մամուլում քննարկվում են ԱԶԿ-ի անհաջողության պատճառները: Մինչև վերջերս վարչապետ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող հայազգի Էթյեն Մահչուփյանը նշել է, թե եթե ԱԶԿ-ն սխալներ չգործեր, ապա ԺԴԿ-ն այսքան ձայներ չէր հավաքի: Նրա կարծիքով` այս ընտրություններում ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի ձայների մի մասը գնաց ԺԴԿ-ին:

«Ակօս»-ի գլխավոր խմբագիր Եթվարթ Դանզիկյանը, խոսելով ընտրությունների արդյունքների մասին, կարծիք է հայտնել, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում առկա հակասությունները գնալով ավելի ակնհայտ կդառնան: Սրա հետ մեկտեղ, կրկին ուշադրության կենտրոնում կհայտնվի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի մերձավոր շրջապատը:

Խորհրդարանական ընտրությունների անսպասելի արդյունքները դժվար կացության առաջ կանգնեցրեցին իշխող կուսակցությանն ու նախագահ Էրդողանին: Մի շարք վերլուծաբանների կարծիքով` Էրդողանը կամ պետք է հրաժարական տա, կամ էլ հաշտվի Սահմանադրությունը փոխել չկարողանալու փաստի հետ: Ինչ վերաբերում է կոալիցիայի կազմավորման հարցին, ապա այն քիչ հավանական են համարում: Մեկ այլ հավանական սցենար էլ արտահերթ ընտրությունների անցկացումն է: Եթե 45-օրյա ժամկետում կառավարություն չձևավորվի, ապա Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը կարող է ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրությունների անցկացման որոշում կայացնել:

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները ուրախալի են հայ համայնքի համար. 65 տարվա ընդմիջումից հետո հանրապետական Թուրքիայի խորհրդարանում միանգամից երեք հայ պատգամավոր կլինի: Իշխող ԱԶ կուսակցությունից պատգամավորի մանդատ կստանա հայազգի լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Գարո Փայլանը, իսկ ԺՀԿ-ի թեկնածու Սելինա Դողանը կդառնա առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG