Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտային հարակից Տերյան 23-ի, 25-ի ու Լալայանց 37-ի բնակիչները հուսահատված են՝ իրենց համարյա 9-տարվա պայքարից հետո առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց հօգուտ Սամվել Մայրապետյանին և նրա տիկնոջը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին պատկանող «Լոքալ դիվելոպերս» ընկերության։
Առայժմ վտարման վտանգի առջև են գերակա շահ ճանաչված տարածքի ավելի քան 25 ընտանիքներից երկուսը, մյուսները, սակայն, վստահ են՝ իրենց դեպքում էլ դատարանը նույն որոշումը կկայացնի։
«Մեզնից խլում են մեր պապերի ժառանգությունը, ունեցվածքը, հիշողություններն ու արժանապատիվ կյանքի հնարավորությունը», - պնդում են հուսահատված բնակիչները։
«Մարդավարի ապրենք, ոչ թե լավը վերցնեք՝ մի խուց տաք: Ես դրան կատեգորիկ դեմ եմ: Վերցնում եք՝ եթե, ասենք, ծայրահեղ դեպքում, բնակարան, տո՛ւր համարժեք, մի բան էլ ավել, որ մարդը լավ լինի, լավ ապրի, ձեզանից գոհ լինի, ոչ թե ավելի վատը․ վերցնես լավը՝ տաս վատը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:
Դատարանի որոշմամբ՝ Անդրանիկ Մկրտչյանի ընտանիքը Տերյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում գտնվող իր սեփականության մեկ քառակուսի մետրի դիմաց կստանա 720 դոլար։ Ընդ որում, կառուցապատողը չի փոխհատուցի նկուղային հարկի համար։ «Էն դեպքում, երբ որ կողքերը վաճառվում է 3000-4000-ից և մինչև, ասենք, 10 հազար-14 հազար», - ընդգծեց Մկրտչյանը:
Մեկ այլ բնակչի՝ գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանին, 160 քառակուսի մետրի դիմաց առաջարկում են 100 հազար դոլար, այն դեպքում, երբ քանդման ենթակա տարածքը ներառում է նաև թանկարժեք առաջին հարկում գտնվող իր արվեստանոցը։ «Երբ որ արվեստանոցը ինքը հասարակական տարածք է, խանութի, ռեստորանի հետ հավասար գին ունի, էստեղ դիմացի մայթում խանութների գները սկսում է 10 հազար դոլարից՝ քառակուսի մետրը, իսկ ինձ արվեստանոցի դիմաց վճարում են 420 դոլար», - նշեց Գաբրիելյանը:
Խորհրդային տարիներին դերասանների համար կառուցված երեք շենքերից մեկի բնակիչները պնդում են՝ շենքը Երևանի պատմության կարևոր մասն է, մայրաքաղաքի առաջին բարձրահարկն է։ Ըստ փորձագետների, 30-ականներին կառուցված շենքը ամուր ու ապահով է այսօր էլ։
«Էստեղ ապրել են մոտավորապես, որ սուտ չասեմ, երևի մի 45-50 հայ ազգի երախտավորներ՝ Գուրգեն Ջանիբեկյան, Վաղինակ Մարգունի, Հրաչյա Ներսիսյան, Բաբկեն Ներսիսյան, Մուրադ Կոստանյան, Թաթուլ Դիլաքյան», - ասաց շենքի բնակիչներից մեկը, մյուսն էլ շարունակեց․ - «Շահամիրյան, Գրիգոր Մկրտչյան, Օլգա Գուլազյան, շատ-շատերը: Առաջին Հայաստանի, խորհրդային Հայաստանի դերասանների շենքն է, որը անձամբ կառուցել է Աղասի Խանջյանը՝ դերասանների համար, վերջին մոհիկանն էլ իմ հայրն է»:
2007 թվականից գերակա շահ համարված երեք շենքերի վերաբերյալ 2013-ին թվականին երրորդ անգամ Կառավարությունը գերակա շահ ճանաչելու որոշում կայացրեց, որին կցված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրած տեղեկանք-հիմնավորումը, թե շենքը խարխուլ է, պիտանի չէ բնակության համար։
Տերյան 25-ի բնակիչ, ակտիվիստ Վարդան Գերավետյանը ընթերցում է հիմնավորումն ու տարակուսած հարցնում՝ «խարխուլ տներ տեսա՞ք այս տարածքում»։
2007-ից գերակա շահի պատճառով սեփական տունը լքելու անհրաժեշտության վերաբերյալ նամակներ ստացող Մելինե Նավասարդյանը ցույց է տալիս Հյուսիսային պողոտային նայող պատուհաններով տունը, ասում է՝ գեղեցիկ ու հարմարավետ է, անգամ դատավորն էր զարմացել, որ քառահարկ կանգուն շենքը պատրաստվում են քանդել․ - «Ասում է՝ «և ինչքա՞ն են ձեզ փոխհատուցում տալիս», ասում եմ՝ էնքան, որ ես այդ գումարով կարող եմ մի սենյակ առնել շատ-շատ, ոչ Հյուսիսային պողոտայում: Ոնց որ մենք ստրուկ լինենք էս երկրում, կներեք, ես էլ ոչինչ չեմ կարող ասել»:
2000-ականներին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ սկսված ու գործարար Մայրապետյանի ակտիվ մասնակցությամբ ընթացած Հյուսիսային պողոտայի կառուցապատումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2007-ից սկսած մեկ տասնյակի ավելի վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ։ Խախտված իրավունքների ու կառուցապատողների տված անարդար փոխհատուցումների համար օտարված տների սեփականատերերին պետությունը վճարել է ավելի քան 700 հազար դոլար հարկատուների գրպանից։ Ընդ որում, Մարդու իրավունքների դատարան դիմած գերակա շահի բոլոր զոհերը հաղթել են եվրոպական ատյանում։