Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում սկսվել է ԱՄՆ-ի արտաքին օգնության բյուջեի քննարկումը:
Հայաստանին ԱՄՆ-ի վարչակազմը նախատեսում է շուրջ 18 միլիոն դոլարի օգնություն ուղղել տնտեսական զարգացման, 1.71 միլիոն՝ թմրանյութերի շրջանառության վերահսկման և շուրջ 2.3 միլիոն դոլար՝ Զինված ուժերի վերապատրաստման համար:
Չնայած ռուս - ուկրաինական հակամարտությունից հետո ստեղծված նոր իրավիճակին, Ամերիկայի հայկական կազմակերպությունները շարունակում են պայքարել Հայաստանին ամերիկյան հատկացումների չափի առավել ավելացման համար:
«Մենք ստիպված ենք մի շարք բարդ որոշումներ կայացնել մեր ներքին և արտաքին առաջնահերթությունների վերաբերյալ», - նշել է Քենթաքիի կոնգրեսական Հալ Ռոջերսը:
Նրա խոսքով, նախկին խորհրդային երկրների շարքից հատկապես լուրջ օգնության կարիք ունի Ռուսաստանի գործողություններից տուժած Ուկրաինան:
Ենթահանձնաժողովի ղեկավար, Թեքսասի կոնգրեսական Քայ Գրանջերը նշեց, որ Ուկրաինային հատկացվող օգնությունը ոչ միայն չի կրճատվելու, այլև կավելանա։
«Մենք 15 միլիոն դոլարի չափով ավելացնելու ենք Ուկրաինայի հեռարձակման ոլորտին հատկացվող օգնությունը, որպեսզի Ուկրաինան կարողանա դիմակայել Մոսկվայի քարոզչությանը», - ասել է ենթահանձնաժողովի ղեկավարը։
Վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի կողմից ստեղծված Եվրասիական միությանն անդամակցելով Հայաստանը կարող է կորցնել հետաքրքրությունն Արևմուտքի համար:
«Ցավալի է, սակայն Հայաստանը ճանապարհի կեսից լքելով Եվրամիության հետ ինտենսիվ բանակցությունները և շրջվելով դեպի Եվրասիական միություն, որից տնտեսական առումով որևէ օգուտ չի ստացել, կորցնում է հետաքրքրությունը», - նշել է Քարնեգի հաստատության Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար Թոմ դը Վաալը:
Վերլուծաբանը հիշեցրել է, որ Եվրասիական միության անդամ դառնալուց հետո Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական շրջանառությունը լրջորեն նվազել է:
Նշենք, որ մի շարք կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆը և Ռոբերտ Դոլդը, հայտարարել էին, որ պայքարելու են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող օգնության ավելացման համար: