Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ Մեր ՓՄՁ-ները, որ այսօր կարողանում են աշխատել, հերոսներ են


Տնտեսագետ․ Մեր ՓՄՁ-ները, որ այսօր կարողանում են աշխատել, հերոսներ են
please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00

Տնտեսագետ․ Մեր ՓՄՁ-ները, որ այսօր կարողանում են աշխատել, հերոսներ են

Ըստ Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա հասարակական կազմակերպության ղեկավար Հակոբ Ավագյանի, այս տարեսկզբից սահմանամերձ համայքներին հարկերից ազատելն ու ընտանեկան բիզնեսին որոշակի արտոնություններ տալը բավարար չէ:

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ Հրանտիկ Պետրոսյանը մոտ 15 տարի Մոսկվայում պանրագործությամբ է զբաղվել։ Մեկ տարի առաջ վերադարձել է գյուղ ու որոշել սեփական բիզնեսը հիմնել։ Հացաբուլկեղենի արտադրամաս բացելու բիզնես ծրագիր է ներկայացրել Եվրամիության ֆինանսավորմամբ միգրանտներին աջակցող «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությանն ու ստացել համապատասխան սարքավորումներ։

Փոքրիկ արտադրամասում համագյուղացիներից երկուսի համար աշխատատեղ է բացվել։ Օրեր առաջ թխեցին առաջին հացը:

Մեկ այլ գյուղում՝ Քարահունջում, Մալինցյանների ընտանիքը գուլպաների արտադրամաս է հիմնել։ Գործին հետևում է Ռուսաստանից արտագնա աշխատանքից վերադարձած տանտիկինը՝ որդու և դստեր հետ․ - «Տղաս աշխատում էր Մոսկվայում, արտադրամասում: Եկավ այստեղ, ծրագիրը գրեցին, շահեցին և նույն աշխատանքը այդտեղ են անում: Ամուսինս արտերկրում նույնպիսի արտադրամասում է աշխատում: Եթե մի քիչ ընդլայնվի, երևի ամուսինս էլ կգա, կաշխատեն»:

Օրական մոտ 400 զույգ գուլպա են արտադրում, բայց, տիկին Սաթենիկի խոսքով, իրացման խնդիր ունեն․ - «Եթե Պաշտպանության նախարարությունը մեզ իրավունք տա, զինվորական ինչ-որ բաներին այդ նասկին տայինք, այ դա շատ լավ կլիներ»:

Հիմնականում դրսի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրերը թեև սոցիալական ու միգրացիոն որոշ խնդիրներ լուծում են, այդուհանդերձ, մասշտաբային չեն։

«Աշխատատեղերի բացակայության պատճառով արտագաղթի տեմպերը չեն նվազում», - «Ազատության» հետ զրույցում իր մտահոգությունը բարձրաձայնեց Սյունիքի մարզի ամենախոշոր համայնքի՝ Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը․ - «Այս պահի դրությամբ մենք ունենք 140 ընտանիք, որ համայնքից բացակայում են: Ընդհանրապես, ըստ ծխամատյանի, համայնքում տնտեսությունների թիվը 743 է, որոնցից, ցավոք սրտի, 140-ը այսօր բացակայում է համայնքից»:

Հալիձոր գյուղում անցած տարի սեպտեմբերին ընդամենը երկու առաջին դասարանցի են ունեցել: Քաղաք սովորելու մեկնող 5 երիտասարդից էլ, գյուղապետ Մարատ Գերասիմյանի փոխանցմամբ, մեկն է գյուղ վերադառնում․ - «Առաջնահերթ բոլորին աշխատատեղով ապահովելու հարցն է, բայց որը մի քիչ անիրական թեմա է: Ուստի պետք է անդրադառնանք գյուղի մինիմալ ենթակառուցվածքների զարգացմանը: Վերջ ի վերջո, այսպես շարունակվելով, մի օր բոլորս էլ կմտածենք մեր երեխաներին տեղափոխենք քաղաք․․․ Բայց ստեղ եթե դրա հիսուն տոկոսը կլինի տեղում, մենք հաստատ կցանկանանք մեր հայրենի բնակավայրում ապրել ու մեր երեխաներին այստեղ պահել»:

Ըստ Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա հասարակական կազմակերպության ղեկավար Հակոբ Ավագյանի, այս տարեսկզբից սահմանամերձ համայքներին հարկերից ազատելն ու ընտանեկան բիզնեսին որոշակի արտոնություններ տալը բավարար չէ:

«Անցած տարվա տվյալներով, մոտավորապես երկու հազարով պակաս ակտիվ հարկատու ունենք, քան նախորդ տարի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավագյանը:

Հարցին, թե ինչն է խանգարում կառավարությանը փոքր ու միջին ձեռնարկատերերին խրախուսելու համար հետևողական ու կոնկրետ քայլեր անել յուրաքանչյուր ոլորտում, Ավագյանը պատասխանեց․ - «Ոչ մի բանը: Ցանկությունը: Հարկավոր է ցանկություն ու հետևողական աշխատանք: Այն պետական կառույցները, որոնք դրա համար պատասխանատու են, պետք է զարթնեն ու սկսեն հատիկ առ հատիկ․․․ մի ոլորտ վերցնեն ու տեսնեն ինչն է խնդիրը ․․․ Մեր փոքր բիզնեսները, որ այսօր կարողանում են աշխատել, նրանք հերոսներ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG