Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից Սամվել Հակոբյանը քիչ առաջ ինքնաբացարկ է ներկայացրել։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը:
«Եկավ երկու բառով ասաց, որ ինքնաբացարկ է հայտնում: Ես իր ո՛չ շտաբն եմ տեսել, ո՛չ էլ բուկլետները» - ասաց Մեսրոպյանը:
Քարոզարշավի մեկնարկից երեք օր անց ինքնաբացարկ հայտարարած Սամվել Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե բուկլետներն ու պաստառները սեղանին դրված էին:
Հակոբյանն ինքնաբացարկ է հայտնել հօգուտ մյուս թեկնածուի՝ 28-ամյա Էդվին Թադևոսյանի: «Տեղեկացա, որ իմ ծրագրերն ու իրենը նույնն են ու որոշեցի իմ ընտրողների հետ միասին կանգնել իր կողիքն», - ասաց Աբովյանի «Նարեկ» հեռուստաընկերության հիմնադիր 64-ամյա թեկնածուն:
Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում թեկնածուներն այս պահին չորսն են․ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի սատարած և Ծառուկյանի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը, 28-ամյա Էդվին Թադևոսյանը, ՀՀԿ-ի շարքերից հեռացված Արթուր Գեղամի Հարությունյանը (Պալաչ) և վերջին օրը ընտրացուցակում հայտնված ևս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան։
Ինքնառաջադրված բոլոր թեկնածուներն անկուսակցական են։
Նարինե Ղալեչյան