Մատչելիության հղումներ

Բայդեն․ Ռուսաստանի ներկայիս իշխանության ուղին ապագա չունի


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ելույթ է ունենում Բրուքինգս հաստատությունում, Վաշինգտոն, 27-ը մայիսի, 2015թ․
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ելույթ է ունենում Բրուքինգս հաստատությունում, Վաշինգտոն, 27-ը մայիսի, 2015թ․

Ուկրաինայի դեմ ձեռնարկած գործողությունների համար ռուսական կողմը ուշ թե շուտ վճարելու է, համոզված է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը:

Չորեքշաբթի օրը Բրուքինգս հաստատությունում իր ելույթում նա հայտարարեց, որ Մոսկվայի գործողությունները երկարատև ազդեցություն են ունենալու միջազգային կարգի վրա:

«Ռուսաստանի կողմից սեփական զարգացման ուղու ընտրությունը կախված կլինի Ուկրաինայի հակամարտության ապագայից», - ասաց Բայդենը՝ հիշեցնելով, որ վեց տարի առաջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հայտարարված հարաբերությունների նոր փուլը կանգ առավ Վլադիմիր Պուտինի երրորդ նախագահական ժամկետի սկսվելուն պես։

«Երբ վարչապետ Պուտինը Կրեմլ վերադարձավ 2012 թվականին որպես նախագահ Պուտին, նա անմիջապես Ռուսաստանը բոլորովին այլ ուղղությամբ տարավ», - ասաց Միացյալ Նահանգների փոխնախագահը։

Մասնավորապես, Բայդենի խոսքով, Ռուսաստանի նախագահը բացահայտ անարգանք է ցուցաբերում Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի նկատմամբ, ինչի հետևանքով, ըստ փոխնախագահի, նաև փոխվում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը։

«Այժմ աշխարհն այլ է, քան եղել է մինչ Պուտինի նախագահության վերադառնալը, և նախագահ Պուտինը պետք է հասկանա, որ որքան ինքն է փոխվել, նույնքան էլ փոխվել են մեր առաջնահերթությունները», - ասաց Ջո Բայդենը։

Փոխնախագահն ընդգծեց, որ այնքան ժամանակ, որքան Ուկրաինայի առաջնորդները հավատարիմ կմնան բարեփոխումների իրականացմանը, Միացյալ Նահանգները շարունակելու է նրանց աջակցել:

Նրա խոսքով, ամբողջ աշխարհի շահերից է բխում, որ Ուկրաինան կայանա որպես բարգավաճ, ժողովրդավար ու անկախ երկիր, որը չի կարող կաշառվել, արհամարհվել կամ ահաբեկվել և որը օրինակ կծառայի հարևան Ռուսաստանի բնակչության համար:

«Ուկրաինայի հակամարտությունը Արևմուտքի՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների համար կարևոր փորձություն էր», - շեշտեց Միացյալ Նահանգների փոխնախագահը:

Նրա խոսքով, Կրեմլը փորձում է ամեն կերպ իր կողմը քաշել եվրոպական մարգինալ քաղաքական ուժերին, սակայն Եվրոպան մնաց միակարծիք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։

«Ես հույս ունեմ և ակնկալում եմ, որ երբ հունիսին Եվրոպայի առաջնորդները կրկին հանդիպեն, նրանք նոր պատժամիջոցներ կընդունեն Ռուսաստանի դեմ, եթե Մինսկի համաձայնագրերը լիարժեք չիրականացվեն», - ասաց Բայդենը։

Եվրոպայի ամրապնդման համար, ԱՄՆ-ի փոխնախագահի խոսքով, անհրաժեշտ է ավելի լուրջ զբաղվել եվրոպական էներգետիկ անվտանգության խնդիրներով, որպեսզի Ռուսաստանը այն չօգտագործի եվրոպացիների դեմ։

«Երբ հարցը վերաբերում է էներգետիկ խնդիրներին, մեզ անհրաժեշտ է աշխատել, սերտ համագործակցել, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանին՝ օգտագործել ռեսուրսները որպես քաղաքական զենք հարևանների դեմ», - ասաց Բայդենը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների ուղին ապագա չունի։

«Նախագահ Պուտինի մոտեցումը շատ քիչ բան ունի առաջարկելու Եվրոպայի կամ հենց Ռուսաստանի ժողովուրդներին, այն առաջարկում է սոսկ առասպելներ և պատրանքներ, անցյալին վերադառնալու կեղծ խոստումներ», - ասաց ԱՄՆ-ի փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG