Մատչելիության հղումներ

Կառավարությունը որոշել է վաճառել «Հայփոստը»


Կառավարությունը որոշել է վաճառել «Հայփոստը»
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

Կառավարությունն այսօր որոշեց 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայփոստը» ներառել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում։

Վերջին մոտ տասը տարիներին «Հայփոստը» հանձնված էր հավատարմագրային կառավարման արգենտինահայ գործարար Էդուարդ Էռնեկյանին պատկանող ընկերությանը։ Ըստ պայմանագրի՝ հավատարմագրային կառավարման ժամկետը պիտի լրանար 2016 թվականի դեկտեմբերին, սակայն դրանից մեկուկես տարի առաջ գործադիրը որոշեց ընկերությունը վաճառքի հանել։

Կառավարության նիստում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը այս որոշումը հիմնավորեց «Հայփոստի» արդյունավետության բարձրացման և ներդրումների ներգրավման հնարավորությամբ։

«Ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը՝ հանձինս այդ ոլորտում իրականացվող նոր ներդրումների, նոր ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ներդրման, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը և արդիականացմանը, ինչպես նաև կիրականացվի սոցիալական ծրագրեր։ Մասնավորեցումը լրացուցիչ ներդրումների ներգրավման շնորհիվ հնարավորություն կընձեռնի «Հայփոստ» ՓԲԸ-ն վերածելու ազգաբնակչության համար կայուն, վստահելի փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն ՀՀ ողջ տարածքում»,- ասաց պաշտոնյան։

Հունվարի 1-ի դրությամբ «Հայփոստն» ունեցել է մոտ 3000 աշխատակից, ընկերության կանոնադրական կապիտալը 520 միլիոն 993 հազար դրամ է։

Հաշվի առնելով ռազմավարական նշանակություն ունեցող մյուս ընկերությունների մասնավորեցման փորձը, այդ ընկերությունների ճակատագիրը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Հայփոստի» վաճառքից դրական զարգացումներ չի անկալում։

«Մասնավորեցված ձեռնարկությունները այս պահի դրությամբ չեն էլ աշխատում, ունենք նաև այդպիսի օրինակներ։ Դա, իհարկե, բացասական է ազդում մեր տնտեսության վրա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով՝ չգիտենք, թե հետագայում ում ձեռքում կհայտնվեն «Հայփոստի» բաժնետոմսերը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը թեև չի շտապում դրական կամ բացասական գնահատել «Հայփոստի» մասնավորեցումը, այդուհանդերձ, առաջարկում է ստեղծել խորհրդարանական հանձնաժողով՝ ուսումնասիրելու ընկերության մասնավորեցման հետևանքները։

Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անբավարար է համարում ռազմավարական նշանակության ընկերությունը մասնավորեցնելու՝ կառավարության հիմնավորումը։

«Ասում են, որպեսզի «Հայփոստը» կարողանա զարգանալ, անհրաժեշտ են ներդրումներ։ Ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ է մասնավորեցնել։ Սա տրամաբանությունից դուրս և պետական, տնտեսական քաղաքականության ողնաշարին հարվածող մոտեցում է։ Այդ տրամաբանությամբ պետության ցանկացած ֆունկցիա պետք է վերցնել և մասնավորացնել՝ սկսած բանակից, վերջացրած ոստիկանությանով։ Դա աբսուրդ է»,- ասաց Մինասյանը։

Նա չի բացառում, որ մասնավորեցման դեպքում կբարձրացվեն այդ ոլորտում մատուցվող ծառայությունների գները, ինչն, ըստ պատգամավորի, սոցիալական լուրջ խնդիր կարող է առաջացնել։

«Մենք կունենանք էական գնաճ, սակագների էական թռիչք, ինչը կբերի նոր լարվածության։ Առանց այդ էլ հանրային ծառայությունների ոլորտում մասնավորեցումների անհաջող փորձերը մեր պետության, հասարակության համար վտանգավոր վիճակ են ստեղծել»,- ասաց Մինասյանը և հորդորեց՝ պետք չէ կատարել հերթական արկածախնդրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG