Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նշանավորվեցին աննախադեպ, իսկ երբեմն էլ անսպասելի զարգացումներով:
Նման մի առիթ հանդիսացավ հանրահայտ և վիճահարույց ռաբբի Շմուլի Բոտիչի («Համաշխարհային արժեքներ» ցանցի հիմնադիր) և Արևելյան Ամերիկայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի կողմից «Նյու Յորք թայմս» թերթի ապրիլի 18-ի համարում զետեղված մի ամբողջ էջը զբաղեցնող վճարովի հայտարարությունը, որը խստորեն քննադատում էր նախագահ Օբամային Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր նախընտրական խոստումը չկատարելու համար:
Մի լավատեղյակ աղբյուր «Կալիֆորնիա կուրիեր» թերթին հայտնեց, որ թերթի հայտարարությունը նեղացրել է Սպիտակ տան որոշ պաշտոնյաների: Դրա տեղադրումը համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համաամերիկյան հանձնաժողովի ջանքերի հետ՝ համոզելու վարչակազմի դժկամ պաշտոնյաներին մասնակցելու մայիսի 7-9-ը Վաշինգտոնում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:
Այդուհանդերձ, փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը մասնակցեցին Վաշինգտոնի ազգային տաճարում մայիսի 7-ին կայացած միջկրոնական աղոթքի արարողությանը, սակայն նրանք ելույթ չունեցան և նրանց ներկայությունը չհայտարարվեց: Զարմանալիորեն, երկու պաշտոնյաներն էլ կրում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանը: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին երկրորդ կաթողիկոսը և Արամ առաջին կաթողիկոսը:
Վճարովի հոդվածում պատկերված էր մի երեխա պաստառը ձեռքին, որի վրա գրված էր. - «Նախագահ Օբամա, ինչո՞ւ եք մեզ ստում»: Դրան հաջորդում էր մեծ, հաստ տառերով գրված վերնագիրը. - «1.5 միլիոն հայ զոհերը ճչում են իրենց գերեզմանից. - «Մինչև ե՞րբ եք ժխտելու մեր ցեղասպանությունը՝ միայն գոհացնելու համար թուրք բռնակալին»:
Վճարովի հոդվածը խիստ քննադատության էր ենթարկում ինչպես Օբամային՝ իր նախընտրական խոստումները դրժելու, այնպես էլ դեսպան Փաուերին՝ Ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ-ի անտարբերությունն իր գրքում («Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարը») դատապարտելուց հետո լուռ մնալու համար: Հայտարարությունը քննադատել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նրան անվանելով «խուլիգան» և «բռնակալ, որը քանդել է թուրքական ժողովրդավարությունը»:
Բացի այդ, հոդվածում մեջբերում կար CNN-ի Վաշինգտոնի գլխավոր թղթակից Ջեյք Թեփերի լուրերի թողարկումից. - «Վեցերորդ տարին անընդմեջ նախագահ Օբաման դրժել է հայ համայնքին տված իր խոստումը, երբ որպես սենատոր և նախագահի թեկնածու, նրանց քվեներն ստանալու համար խոստացել էր օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում մոտ 1.5 միլիոն հայերի կոտորածը նկարագրելու համար: Նա այդպես վարվեց որպես զիջում Թուրքիայի կառավարությանը»:
Հոդվածը հիշեցնում էր ընթեցողներին, որ Թեփերը նկատի ուներ սենատոր Օբամայի 2008 թ. հայտարարությունը. - «Հայոց ցեղասպանությունը մեղադրանք, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վավերագրված փաստ, որը հաստատում են վիթխարի քանակով պատմական ապացույցներ: Փաստերն անհերքելի են.... Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:
Այնուհետև հոդվածի հեղինակները հայտարարում էին. - «Հազվադեպ է, որ Ամերիկայի որևէ նախագահ այսպես լկտիաբար սուտ խոսի բարոյական մեծ նշանակություն ունեցող նման հարցի վերաբերյալ: Նախագահ Օբամայի դիտավորյալ բարոյական կուրությունը խիստ տարբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անցյալ շաբաթվա խիզախ հայտարարությունից, որով նա աշխարհին կոչ էր անում ճանաչել «քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը»»:
Հոդվածում ռաբբին և Հարյուրամյակի հանձնաժողովը հետևյալ հարցն էին ուղղում դեսպան Փաուերին. - «Որպես առաջնորդող ձայն ընդդեմ ցեղասպանության, արդյոք Դուք հավատարիմ կմնա՞ք Ձեր սկզբունքներին, թե՞ կդառնաք հերթական անձանցից մեկը, որ պաշտոն ստանձնելով լռում է և դառնում «խնդիր դժոխքից»-ի» մի մասը»:
Երկրորդ հայտարարությունը, որն Օբամային հիշեցնում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տված խոստումը, հայտնվեց «Լոս Անջելես թայմս» թերթի ապրիլի 24-ի համարում: Թերթի էջի մեծ մասը զբաղեցնող հոդվածը, որ տեղադրվել էր Կալիֆորնիայի Օրինջ շրջանի գործարար Էդ Մուրադլյանի կողմից, պնդում էր. - «Ժամանակն է լինել այն ղեկավարը, որ Դուք խոստացել էիք լինել: Պարոն Նախագահ, ճիշտ ժամանակն է, որ այս 100-րդ տարելիցին կատարեք Ձեր տված խոստումը»: Մուրադլյանի հոդվածում պատկերված էր Օբամայի լուսանկարը, դեսպան Մորգենթաուի 1915 թ. հուլիսի 16-ի հեռագիրը՝ ուղղված Պետդեպարտամենտին, և 1915 թ. դեկտեմբերի 15-ի «Նյու Յորք թայմս» թերթի լրատվության վերնագիրը: Հոդվածն ավարտվում էր «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը» կոչով:
Եթե այս հոդվածներից մեկը կամ երկուսը որոշ անհանգստություն են պատճառել Սպիտակ տան պաշտոնյաներին, ապա արժեր դրանց վրա այդքան գումար ծախսել...
Հոդվածները պետք է ընդգրկեին նաև Օբամայի սեփական խոսքերը իր «Հույսի հանդգնությունը» գրքից. - «Ասել մի բան քարոզարշավի ընթացքում և անել այլ բան պաշտոնն ստանձնելիս, նշանակում է՝ դու տիպիկ երկերեսանի քաղաքական գործիչ ես»:
Չնայած ոգեկոչման միջոցառումները Վաշինգտոնում կազմակերպված էին շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, սակայն մի լուրջ բացթողում կար: Երբ մայիսի 9-ին կայացած 100-րդ տարելիցի միջոցառման ժամանակ հատուկ մրցանակներ շնորհվեցին նշանավոր անհատներին, կազմակերպություններին և Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ներկայացուցիչներին, շատ տեղին կլիներ հարգանքի տուրք մատուցել նաև 2004-2006 թթ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին, որի դիվանագիտական կարիերան ընդհատվեց, երբ Բուշի վարչակազմը նրան հետ կանչեց Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար: Միջոցառման կազմակերպիչները «Կալիֆորնիա կուրիեր»-ին հավաստիացրեցին, որ «անտեսելու նպատակ չեն ունեցել», և դա պարզապես «վրիպում» էր:
Բարեբախտաբար, այս կոպիտ սխալը հաջողվեց փոքր-ինչ մեղմել, երբ «վրիպումը» հայտնվեց հանդիսավարի՝ փաստաբան Մարկ Գիրագոսի ուշադրության կենտրոնում, որն ամբիոնից հայտարարեց դեսպան Էվանսի ներկայության մասին: 100-րդ տարելիցի միջոցառմանը ներկա 2000 հյուրերը հոտնկայս և բուռն ծափահարություններով ողջունեցին արդարամիտ դեսպանին: Ավելորդ է անգամ նշել, որ դեսպան Էվանսը շատ ավելիին է արժանի, քան սոսկ ծափահարությունները՝ իր կարիերան ի պաշտպանություն Հայ դատի զոհաբերելու համար...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի