Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ, փոխանցում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հայաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին: Այդ հարաբերությունների խորացման գործում ՀՀ նախագահը կարևորել է ԵՄ-ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը:
Անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Գերմանիայում տեղի ունեցած հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին: Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: