Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են թեժ լինել:
Այսօր թմրամիջոց օգտագործելու կասկածով ոստիկանական բաժանմունք է տարվել կուսակցութան որոշմանը չենթարկվելու համար իշխող Հանրապետականից հեռացված՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանի եղբայրն՝ իր մեքենայով: Եղբորը բերման ենթարկելուց հետո ոստիկանները շրջափակել են նաև թեկնածուի մեքենան՝ իջեցրել նրան մեքենայից, բերման ենթարկել 65-ամյա ուղևոր Սերգեյ Մանվելյանին:
Ավելի վաղ Արթուր Հարությունյանը հեռացվել էր ՀՀԿ-ի շարքերից՝կուսակցության սատարած թեկնածուին չաջակցելու ու ինքնառաջադրվելու համար: Իսկ առաջադրման վերջին օրը թեկնածուների շարքում հայտնվել էր ևս մեկ Արթուր Հարությունյան:
«Ես ամեն քայլի արդեն սպասում եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ միաժամանակ խուսափելով կատարվածը կապել առաջիկա ընտրությունների հետ:
«Ոչ մի բանի հետ չեմ կարա սա կապեմ, որովհետև իմ համար նորություն էր սա, սպասում եմ, որ հիմա պարզաբանեն, բաց թողնեն, որովհետև բան չկա էլի: Իմ եղբայրը մի հատ կաֆե ունի, կաֆեն աշխատացնում ա: [Ոստիկանների ուշադրության կենտրոնում] առաջին անգամ է հայտնվել: Ինքը տենց տղա չի: Իմ եղբայրները խելոք, ոչ մի բանի հետ կապ չունեցող մարդիկ են», - ասաց Հարությունյանը:
Մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքում պահվելուց Արթուր Հարությունյանի եղբայրը և Սերգեյ Մանվելյանը ազատ են արձակվել:
Մանվելյանը նեղսրտած էր․ - «Գիտությունների թեկնածու եմ, այսքան ժամանակ թմրանյութ միայն ֆիլմերում եմ տեսել: Բռնում էին շատ լուրջ հանցագործի՝ հանձինս ինձ: Մեքենաներով շրջապատեցին, կանգնեցրին, ես Հարությունյան Արթուրի հետ էի, թեկնածուի, ինձ իջեցրին մեքենայից և ասացին, որ կասկածում են թմրանյութի օգտագործման և պահպանման հարցում: Եթե իրականում ինձ կասկածում էին, տարան նարկոլոգիչեսկի ցենտր, պետք է արյունս ստուգեին, բայց ոչ մի բան չարվեց: Հետո ասեցին՝ Դուք ազատ եք, գնացեք»:
Արթուր Հարությունյանը պնդում է նաև, որ այսօր դադարեցվել է իրեն պատկանող Աբովյան հեռուստաընկերության կաբելային հեռարձակումը: Տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը պատմում է, որ պատրաստվում էին եթեր հեռարձակել ռեպորտաժ, թե ինչպես է քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի նախընտրական պաստառը փակցվել շենքերից մեկի պատին։
«Էդ ժամանակ պարզվեց, որ մեր կաբելային հեռուստաընկերությունում մեր ալիքը չկա: Գրված է, որ ազդանշան չկա, ռուսերեն և ռեպորտաժը բնականաբար տվեցինք, բայց քանի որ Աբովյանի զգալի հատվածը դիտում է Աբովյան հեռուստաընկերությունը կաբելային հեռուստաընկերության միջոցով, բնականաբար այդ աբովյանցիները չկարողացան դիտել այդ ռեպորտաժը: Փորձեցինք պարզել, պատասխանեցին, որ տեխնիկական խնդիր կա, և մի քանի ալիք չկա», - պատմեց Ազնիվ Չիզմեչյանը:
Աբովյանում կաբելային հեռարձակում ապահովող ընկերության տնօրենն, ով չհերքեց, որ Գագիկ Ծառուկյանի մերձավորն է, ասաց, թե հատկապես կայծակներից հետո պատահում են նման դեպքեր: Ավելին, ըստ նրա «վնասված սարքերը վերականգնելու համար երբեմն մի քանի ամիս է պահանջվում»:
«Ազատության» հարցին, թե օրենքը չի՞ արգելում էքարոզարշավի մեկնարկից 6 օր շուտ թեկնածուի նախընտրական պաստառներ փակցնել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հստակ պատասխան չտվեց: Միայն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, տվյալ դեպքում՝ «մայիսի 26-ից հունիսի 5-ը»:
ԿԸՀ-ից փոխանցեցին, որ թիվ 28 ընտրատարածքային հանձնաժողովն այս հարցով ուսումնասիրություն է սկսել, գնահատականը կարող է տալ դրան ավարտին միայն:
Ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ․ հեռախոսն անհասանելի էր: