Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը, ով, Contact.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, նման որոշումը բացատրել է Ալիևի չափազանց խիտ օրակարգով՝ կապված հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ:
Միևնույն ժամանակ, APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, հաղորդում է, որ Ալիևը Ռիգա չի մեկնում ի նշան «Ադրբեջանի նկատմամբ իրականացվող արշավի» դեմ բողոքի: «Արևմտյան շրջանակների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի դեմ իրականացվող սև PR-ը՝ Եվրոպական խաղերից առաջ, արդարացի բողոքի տեղիք է տալիս», - պնդել է աղբյուրը:
Ադրբեջանը Ռիգայի գագաթնաժողովին կներկայանա նախագահի աշխատակազմի և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների մակարդակով: