Այսօր Բաքվում Ազատության պողոտայի վրա գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով 16 մարդ մահացել է, ևս հինգ տասնյակը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանցից 30-ը տեղափոխվել են հիվանդանոց:
APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ հրդեհը տեղայնացվել է:
Գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը երեսպատման շինանյութի ցածր որակն է:
Haqqin.az-ը, հղում կատարելով baku.ws-ին, հաղորդում է, որ Բաքվի բնակիչները սկսել են իրենց շենքերի վրայից պոկել այդ դյուրավառ շինանյութը:
Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության շուրջ երեք տասնյակ մեքենաներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է հետաքննել հրդեհի բռնկման պատճառները և պատժել մեղավորներին: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, որպես կասկածյալ արդեն ձերբակալվել է Global Construction ընկերության ղեկավար Միրյուսիֆ Մախմուդովը: