Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին հետևել են պատգամավորներ տարբեր երկրների խորհրդարաններից։ Այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների, ռուսական Պետդուման ներկայացուցիչներ չէր ուղարկել Ղարաբաղ։
Նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ լրագրողների հետ զրույցում մտահոգություն էր հայտնել և ընդգծել՝ այս փաստը տարակուսանք է առաջացրել նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մոտ:
«Հասկանալի է՝ մենք կամ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունըչենք ակնկալել, որ այս կամ այն երկրի պաշտոնական պատվիրակությունը, ի տարբերություն Հայաստանի, ներկա կլինի, բայց որ 20 ավելի պառլամենտների ներկայացուցիչներ կային, շատ տրամաբանական կլիներ, գոնե մի քանի տասնյակ հայ ժողովրդի բարեկամ ռուս պատգամավորներ կան, որոնք իրենց մասնավոր նախաձեռնությամբ կարող էին գալ, իրենց գնահատականը տալ»,- ասել է Արզումանյանը։
Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրիյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ռուսական Դումայի մի քանի ներկայացուցիչների պաշտոնապես հրավիրել են Ղարաբաղ, բայց նրանք հրաժարվել են գալ:
Անդրիյանը սա պայմանավորեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարություններով։ Նանաև կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին Ռուսաստանի ակտիվ մասնակցությունից հետո ռուսները գուցե չեն ցանկացել էլ ավելի սրել հարաբերությունները Թուրքիայի հետ:
«Ոչ մի պատճառ չկա, պարզապես իրենց ղեկավարությունը չի թույլատրել գան: Չի ստացվել, երևի բոլորը զբաղված էին 70-ամյակով, էդքան երկար բանակցություններ չեն տարել, պարզապես մի քանի հոգու հրավիրել ենք, չի ստացվել»,- ասաց Ադրիյանը՝ հորդորելով այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ չփնտրել:
2012-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանը Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած Լիբերալ-դեմոկրատական խմբակցության մի քանի պատգամավորների էր ուղարկել Ղարաբաղ։ Այս ընտրություններին, մինչդեռ, Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը գլխավորում էր «Յաբլոկո» արտախորհրդարանական կուսակցության անդամ Վիկտոր Շեյնիսը:
Լեռնային Ղարաբաղի Արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը գրեթե նույն կազմով պատվիրակությունն է ուղարկել Ղարաբաղ, ինչ նախորդ ընտրություններին, միայն մի տարբերությամբ՝ այս անգամ պատվիրակության կազմում չկային գործող պատգամավորներ: Այս ընտրություններին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների բացակայությունը Մայիլյանը պայմանավորում է Ժիրինովսկու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դիրքորոշման փոփոխության հետ:
«Ակնհայտ է, որ այդ կուսակցության ղեկավարի դիրքորոշումը, հայտարարություններն են մի քիչ փոխվել: Եթե առաջ հիմնականում պրո հայկական էին, հիմա պրո ադրբեջանական բաներ ենք լսում իրենից [Բաքու կատարած] վերջին այցից հետո: Նաև երևի դա է պատճառը, որ պատգամավորներ չեն ուղարկել իրենց խմբակցությունից»,- ասաց Մայիլյանը։
Նա չի կարծում, թե սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանի քաղաքականության փոփոխության մասին է խոսում: Ասում է՝ Ռուսաստանն իր մոտեցումը հստակ արտահայտել է Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ, և այնտեղ դիրքորոշման որևէ կտրուկ փոփոխություն չկա:
Հարցի վերաբերյալ դիմեցինք նաև Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարությունից, սակայն որևէ մեկնաբանություն այդպես էլ չստացանք: