Մատչելիության հղումներ

Տաքսիստները աշխատանքային նորմալ պայմաններ են պահանջում


Տաքսիստները աշխատանքային նորմալ պայմաններ են պահանջում
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Կառավարությունն այս տարվա մարտից տաքսու վարորդներից ամեն ամիս լիցենզիայի համար գումար է գանձում։

Մի քանի տասնյակ տաքսու վարորդներ այսօր Կառավարությունից պահանջում էին իրենց աշխատանքի համար նորմալ պայմաններ ստեղծել։

Ցույցերի անցկացման մեջ արդեն վարպետացած տաքսիստները վրդովված պատմում էին, որ կամ Տրանսպորտի նախարարության պաշտոնյաներն իրենց լսում են, բայց խնդիրները չեն լուծում, կամ էլ իրենց ցույցերը ցրելու է գալիս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ես լավ գիտեմ, որ ինքը պետական ինքնակառավարման մարմինների կողմից դրված, դրած օրից լավ ցույց ցրող է, բայց ստեղ բալոնի կլյուչով ու մանդիրովկով իրենց հանապազօրյա հացը վաստակող տաքսու վարորդներ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Նրանց հիմնական դժգոհությունն այն է, որ Կառավարությունն այս տարվա մարտից սկսել է ամեն ամիս լիցենզիայի համար գումար գանձել։ «Մինչդեռ դրա դիմաց մեզ ոչ մի էական ծառայություն չեն մատուցում», - ասացին տաքսու վարորդները։

«Էսօր մեկն եկել է, ասում է՝ «հեռու գնա, էս կարմիր ներկը քաշեմ, էս իմ տեղն է»։ Տեսախցիկն էլ դրել է, ասում է՝ «բա ինձ փայ չտա՞ս»։ Մեր գրպանի մեջ սաղ փայատեր են, էդ հարցերը լուծեք, հետո նոր 12 հազար փող ուզեք», - ասաց ցույցի մասնակից վարորդներից մեկը։

Ցուցարար - տաքսիստների խոսքով, Երևանում տաքսի վարելու համար իրենք պետք է ամեն ամիս 12 հազար դրամ վճարեն։ Մի քանի անգամ խնդրել են պաշտոնյաներին դրա դիմաց իրենց համար, օրինակ, կայանատեղիներ ստեղծել, կամ կանգառներում հաճախորդ վերցնելու համար չտուգանել, ամեն ինչ ապարդյուն է՝ տուգանքները շարունակում են գալ, իսկ դրանց մարտից գումարվել է նաև ամենամսյա լիցենզիայի վճարը, որը չմուծելու դեպքում վարորդը և՛ս 50 հազար դրամով կտուգանվի։

«Հենց ընենց փող են ուզում, այսինքն՝ պետության ուզածը՝ Տրանսպորտի նախարարության, մեզանից 12 հազար դրամ ուզելն է», - ասաց վարորդներից մեկը։

Մեկ այլ ցուցարար էլ հավելեց. - «Մի բան դո՛ւք արեք մարդկանց համար։ Ամենահզոր զենքը մարդու գրպանին կպնելն է, ուրեմն 50 հազար՝ գնդակահարելով մարդուն, հա՞..., երբ որ մարդը մի հատ մատնաքաշին ջեմով կոնֆետ է ասում»։

Տաքսիստներից մեկը նշեց, որ մեկ միլոնի տուգանք ունի, բայց դրանք ո՛չ կարմիր լույսի տակով անցնելու, և ո՛չ էլ հոծ գիծը հատելու պատճառով է, այլ կարմիր գծանշումներով կայանատեղիներում է կանգնել ու երկրորդ շարքից մարդ իջեցրել։

Շատ վարորդներ այսօր փորձում են տուգանքները դատարաններում բողոքարկել։ Այս հարցով զբաղվում է նաև իրավաբան Մկրտիչ Մուրադյանը։ Նա տուգանքների մասին մի տրցակ ծանուցագիր ցույց տվեց, որի հասցեատեր տաքսիստը մեկ ամիս շարունակ նույն տեղում կայանել է մեքենան, հետագայում պարզվել է, որ այդտեղ կանգնել չէր կարելի։ Արդյունքում, տաքսիստը 160 հազար դրամ տուգանքի ծանուցագրեր է ստացել։

«Նույն տեսուչն այս վարորդին տուգանում էր, մի անգամ գոնե SMS հաղորդագրություն ուղարկեր, ասեր՝ «հարգելի վարորդ, քո մեքենան կայանված է սխալ վայրում, խնդրում եմ տեղափոխիր»։ Նպատակը ոչ թե պետք է լինի տուգանելը, այլ, պարզապես, քաղաքակիրթ երթևեկություն մշակելը, որին մենք բոլորս կողմնակից ենք», - ասաց իրավաբանը։

Նրա խոսքով, խնդրին հիմնավոր լուծում է պետք տալ, առանձին բողոքարկումներով, հարցը չի կարգավորվի։

Տաքսիստների բողոքները լսելու համար այսօր Կառավարությունից որևէ ներկայացուցիչ չեկավ, վերջիններիս բողոքը, սակայն, լսեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նա վարորդներին առաջարկեց պահանջներն ամփոփ ներկայացնել իրեն, և խոստացավ, որ հարցը կբարձրացնի խորհրդարանում։

«Չկա ոչ մի առանձին խնդիր՝ ո՛չ տաքսիստի, ո՛չ ոսկերիչի։ Կա մի խնդիր՝ քաղաքական խնդիր, երբ որ քաղաքական թիմը անգրագետ է և ընդամենը փող է սիրում, ուրիշ ոչ մի Աստված ու նպատակ չունի», - ասաց Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG