Նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խմ-ի դիմաց: Նման սակագնի սահմանումը թույլ կտա նաև ներդրումներ կատարել գազամատակարարման համակարգի մոդերնիզացման աշխատանքներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Միլլերը` այցի արդյունքներն ամփոփելով «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում:
Նա տեղեկացրել է նաև, որ հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք է բերվել` մշակելու գազամատակարարման և գազիֆիկացման աշխատանքների սխեմա, որն ամբողջովին պատրաստ կլինի մինչև աշուն: Ըստ այդ սխեմայի` առաջնահերթ նպատակ է դրված Հայաստանի գազիֆիկացումը հասցնել 100 տոկոսի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ընդունել է ապրիլի 16-ին:
Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը ներկայումս 189 դոլար է` 1000 խմ-ի դիմաց: