Մատչելիության հղումներ

Օբաման «ծաղրում է» ընկերներին, քաղաքական հակառակորդներին ու ինքն իրեն


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Վաշինգտոնում տեղի է ունեցել Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ճաշկերույթը:

Կատակող նախագահ, ժպտերես լրագրողներ ու համեղ ուտեստներ. Վաշինգտոնում տեղի է ունեցել Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ճաշկերույթը՝ տարվա միակ միջոցառումը, որի ընթացքում ոչ թե լրագրողներն են ծաղրում նախագահին, այլ՝ Միացյալ Նահանգների նախագահն ինքն է ծաղրում ընկերներին, քաղաքական հակառակորդներին ու ինքն իրեն:

Այսպես, երբ ամերիկացի դերասանուհի Սեսիլի Ստրթնգը նկատել է, որ նախագահության տարիների ընթացքում Օբաման թխահերից ալեհերի վերածվեց, նախագահը հիշել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Բեյներին, ով հակառակ Սպիտակ տան կամքի՝ Վաշինգտոն էր հրավիրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։

«Ես այնքան ծեր եմ երևում, որ Ջոն Բեյներն արդեն հրավիրել է Նեթանյահուին, որպեսզի հոգեհանգստից խոսի», - ասել է Օբաման՝ հավաքվածներին հավաստիացնելով, որ իրեն լավ է զգում, այդ թվում՝ փոխնախագահ Ջո Բայդենի շնորհիվ. - «Ես չտեսնված ազատ ու հանգիստ եմ: Ջո Բայդենի՝ ուսերի մերսումները իրոք կախարդական են»:

Օբաման կատակել է, որ Բայդենի հետ այնքան մոտ ընկերներ են, որ ավանդապաշտ Ինդիանայի որոշ օթյակներում իրենց կհրաժարվեին սպասարկել:

Օբամայի սուր լեզուն անդրադարձել է նաև Այովա նահանգում ճամփորդող և նախընտրական հանդիպումներ անցկացնող նախագահի հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնին․ - «Իսկապես տարակուսանքի օրեր են: Ես մի բարեկամ ունեմ, որը դեռ մի քանի շաբաթ առաջ միլիոնավոր դոլարներ էր աշխատում, իսկ այժմ ապրում է Այովայի ճամփեքին շրջագայող ավտոմեքենայում»:

ԱՄՆ-ի նախագահը տպավորված էր նաև ծայրահեղ աջ հանրապետական Միշել Բահմանի հայտարարությամբ, ըստ որի՝ Օբաման աշխարհի վերջի նախանշանն է։ «Միշել Բահմանը վերջերս հայտարարեց, որ ես Աստվածաշնչում կանխագուշակված աշխարհի վերջն եմ բերելու: Ա՛յ դա արդեն մեծ բան է՝ Լինքոլնը, Վաշինգտոնը նման դերի չէին արժանացել», - ասել է նա։

Իր խոսքի վերջում Օբաման անդրադարձավ լուրջ հարցի և հայտարարեց, որ Միացյալ Նահանգների ջանքերով ազատ է արձակվել իրանական գաղութում ամիսներ պահվող «Վաշինգտոն փոստ» թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG