Մատչելիության հղումներ

ԱՄՀ. Ռուսաստանի տնտեսությունը խոցելի է դարձնում Հայաստանը


ԱՄՀ-ի Հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոն, արխիվ
ԱՄՀ-ի Հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոն, արխիվ

Հիմնադրամի առաքելության ղեկավարի խորհուրդը Հայաստանի կառավարությանը տնտեսական բարեփոխումներն են:

«Վերջին շրջանում տարածաշրջանում շատ բան է փոխվել, ինչը բացասաբար է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա», - «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ Հայաստան կատարած այցից հետո։

Հայաստան այցի շրջանակում, Կենտրոնական բանկի հետ անցկացվել է Արժույթի միջազգային հիմնադրամի եռամյա վարկային ծրագրի երկրորդ ստուգումը։

Հորթոնն ասաց, որ Հայաստանի պետական բյուջեն հիմնված էր 4 տոկոսի աճի վրա, մինչդեռ ըստ իրենց կանխատեսումների՝ երկրի տնտեսությունն աճ չի գրանցի: Նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, ինչը Հայաստանը խոցելի է դարձնում։

«Անցյալի ցուցանիշների հիման վրա կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսական աճի հիմնական գրավականը Ռուսաստանի տնտեսության աճն է, Ռուսաստանի տնտեսությունը մեծ անկում է ապրել, Արժութի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ Ռուսաստանի տնտեսությունը զրոյականից ավելի ցածր ցուցանիշ կգրանցի պատժամիջոցների և նավթի ցածր գնի պատճառով, իսկ սա մեծ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա», - ասաց ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը։

Ըստ Հորթոնի, կարևոր գործոն է նաև Ռուսաստանից Հայաստան մտնող արժեզրկված ռուբլին. - «Ինչպես հայտնի է, Ռուսաստանում աշխատում և իրենց ընտանիքներին դրամ են ուղարկում մոտ մեկ միլիոն հայեր, Ռուսաստանի տնտեսության անկումն ու ռուբլու արժեզրկումն այս պարագայում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա»։

«Իմ խորհուրդը Հայաստանի կառավարությանը տնտեսական բարեփոխումներն են բաց տնտեսություն կառուցելու ուղղությամբ», - ասաց Հորթոնը։

Սակայն արդյո՞ք Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կկոմպենսացվեն Իրանի տնտեսության աճի շնորհիվ այն դեպքում, եթե Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը հաստատվի, և սկսվի Իրանի պատժամիջոցների դադարեցման գործընթացը։ Ըստ ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի՝ Իրանի տնտեսությունը ևս սերտորեն կապված է նավթի գնի հետ, բացի այդ, Իրանի հետ համաձայնագրի ապագան անորոշ է, և դրա հաստատման պարագայում հայտնի չէ, թե պատժամիջոցների դադարեցումը ինչ ընթացք կունենա:

Այդուհանդերձ, Հորթոնի խոսքով, Իրանի տնտեսական աճը նշանակում է նաև Հայաստանի տնտեսության աճ: «Իրանի տնտեսությունը պատժամիջոցների թուլացման պարագայում, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, կարող է 4-ից 6 տոկոսի աճ գրանցել, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա», - ասաց նա։

Մարկ Հորթոնի խոսքով՝ Իրանի տնտեսական աճը և Իրանի նկատմամբ միջազգային վերաբերմունքի փոփոխությունը նոր հնարավորություններ կբացեն Հայաստանի համար, քանզի եթե այժմ հայաստանյան գործարարներն ավելի զգուշորեն են գործարքի մեջ մտնում Իրանի հետ՝ վախենալով ասոցացվել միջազգային համայնքի կողմից երկակի վերաբերմունքի արժանացող այս երկրի հետ, ապա խնդրի թուլացման պարագայում իրավիճակը կարող է միանգամայն այլ լինել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG