Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Վերջին տարիներին, երբ աշխարհասփյուռ հայերն սկսեցին ծրագրել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը, նրանք երկու հիմնական մտահոգություն ունեին՝ ինչպիսի՞ միջոցառումներ ձեռնարկել, որոնք առավելագույնս պատշաճ լինեն այս մեծաշուք առիթով, և ինչպե՞ս թաքցնել իրենց ծրագրերը թուրքական կառավարությունից, որպեսզի այն չկարողանա խափանել կամ ձախողել դրանք:
Մենք չէինք իմանում, որ թուրք ղեկավարներն ի վերջո ակամա դառնալու են մեր լավագույն «դաշնակիցները» և հարյուրամյակի ծրագրերը ձախողելու փոխարեն այնպիսի անհեթեթ հայտարարություններ են անելու, որ ամբողջ աշխարհում պրոպագանդեն Հայոց ցեղասպանությունը՝ գերազանցելով մեր բոլոր ակնկալիքները:
Որևէ հոլիվուդյան սցենարիստ չէր կարող ավելի լավ գործ անել, քան Էրդողանը որպես վարչապետ, իսկ այնուհետև՝ նախագահ՝ ապահովելով աշխարհում ամենամեծ հնարավոր լսարանը 100-րդ տարելիցի ոգեկոչման համար:
Հարյուրամյակի տարեսկզբից շատ առաջ Էրդողանը պարարտ հող պատրաստեց իր տարօրինակ հայտարարություններով ՝ փչացնելով իր և իր երկրի հեղինակությունը. նա հայտարարեց, որ մահմեդականները հայտնաբերել են Ամերիկան Կոլումբոսից առաջ. որ մահմեդականների համար անհնար էր ցեղասպանություն գործելը. և ասաց հեռուստահաղորդավար Չառլի Ռոզին, թե քանի որ Ստամբուլում դեռ հայեր կան, ապա հնարավոր չէր, որ ցեղասպանություն եղած լիներ:
Այնուհետև Էրդողանը փակեց «Յություբ»-ն ու «Թվիթեր»-ը, քանի որ որոշ բաներ դրանց բովանդակությունից իրեն դուր չէին գալիս. ձերբակալեց մի պատանի ուսանողի շարադրություն գրելու համար, որը չէր արժանացել ժամանակակից սուլթանի հավանությանը. բանտարկեց լրագրողներին և ծաղրանկարիչներին իր քաղաքականությունը քննադատելու համար. հետապնդեց մահմեդականների կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին և բարձրաստիճան զինվորականներին՝ Նորին մեծության դեմ նրանց կազմակերպած դավադրության պատրվակով. հրամայեց կրակել խաղաղ ցուցարարների վրա Ստամբուլի Գեզի զբոսայգում. և գաղտնալսված հեռախոսազրույցում հանձնարարեց որդուն, թե ինչպես կոծկել տասնյակ միլիոնավոր կանխիկ դոլարները...
Էրդողանն իր կոշտ հայտարարություններով և կոպիտ պոռթկումներով կարողացավ թշնամացնել բազմաթիվ երկրների ղեկավարների, որոնց հետ գործակցում էր, ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Հունաստանը, Ռուսաստանը և Սիրիան: Ըստ էության, նա իր «զրո խնդիրներ հարևանների հետ» արտաքին քաղաքականությունը վերածեց՝ «զրո հարևանների՝ առանց խնդիրների»...
Այս տարեսկզբին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Էրդողանը հասավ իր գործունեության գագաթնակետին: Նա «փայլուն» միտք հղացավ Գալիպոլիի տոնակատարության օրը տեղափոխել ապրիլի 24-ին, և ավելի քան 100 երկրների ղեկավարների հրավիրելով Թուրքիա՝ համայն աշխարհի ուշադրությունը շեղել այդ նույն օրը Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններից: Թուրքիայի նախագահը փորձեց վերաշարադրել պատմությունը՝ մեղադրելով Հայաստանին Ցեղասպանության 100-րդ տարելիցի ամսաթիվը ապրիլի 24-ին փոխելու համար...
Նման մանկամիտ խորամանկությունները չէին կարող վրիպել միջազգային հանրության ուշադրությունից: Էրդողանի կեղտոտ հնարքները բացահայտող բազում հոդվածներ գրվեցին: Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները ձախողելու փոխարեն թուրք ղեկավարները հաջողեցին պրոպագանդել Ցեղասպանության հարյուրամյակը՝ նախքան հայերի կողմից որևէ միջոցառում կազմակերպելը...
Իսկ հետո եկավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապրիլի 12-ի հիշարժան քարոզը՝ մեղադրելով Թուրքիային հայ ժողովրդի դեմ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» գործելու համար... Ի պատասխան՝ Էրդողանը հետ կանչեց Թուրքիայի դեսպանին Վատիկանից, իսկ հետո, սովորաբար իր սառը դատող վարչապետ Դավութօղլուի և թուրք չինովնիկների ողջ անձնակազմի հետ միասին սկսեց վիրավորել Հռոմի պապին, Կաթոլիկ եկեղեցուն և նույնիսկ Պապի ծննդավայր Արգենտինան... Այսպիսով, մի քանի օրվա ընթացքում Թուրքիայի ղեկավարները կարողացան իրենց դեմ հանել ավելի քան մեկ միլիարդ կաթոլիկների ամբողջ աշխարհում:
Էրդողանը զգուշացրեց Հռոմի պապին, որ լրացուցիչ գործողություններ է ձեռնարկելու ընդդեմ Կաթոլիկ եկեղեցու՝ նկատի ունենալով, որ կարող է Ստամբուլի հին հունական Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Եթե նա գնա նման ծայրահեղ քայլի, ապա Թուրքիայի դեմ կհանի մնացած քրիստոնյա աշխարհը:
Հռոմի պապի պատմական քարոզից մի քանի օր հետո Եվրախորհրդարանը դարձյալ բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այդ ընթացքում, Էրդողանը շարունակում էր իր հակաեվրոպական և հակաքրիստոնեական խիստ քննադատությունը՝ մեղադրելով եվրոպացիներին հակաթուրքական և հակաիսլամական կեցվածքի համար: Բնականաբար, եվրոպացիների մոտ հարց առաջացավ, թե ինչպես կարող է նման խելագար ղեկավար երբևէ միանալ եվրոպական ընտանիքին…
Հազարավոր թերթեր, հեռուստաընկերություններ և կայքէջեր հաղորդում էին թուրք ղեկավարների կատաղի արձագանքի մասին և քննադատում նրանց կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը: Աշխարհի ուշադրությունը սևեռվել էր հայերի վրա՝ Քարդաշյանների Հայաստան կատարած այցի, Հռոմի պապի ուշագրավ քարոզի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի լայնորեն լուսաբանման շնորհիվ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին հայերը չէին կարող հասնել նման լայն հրապարակայնության, եթե նույնիսկ մեկ միլիարդ դոլար ծախսեին և 100 փիար ընկերություն վարձեին …
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի