Չնայած փխրուն հրադադարին՝ Ուկրաինայում կամավորների մի թիմ զբաղվում է պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինվորների մարմինները որոնելու աշխատանքներով:
Ուկրաինայի տարածքում բախումների ընթացքում բազմաթիվ զինվորներ հաշվառված մնացին որպես անհետ կորած: «Սև վարդակակաչ» անվանմամբ կամավորների այս թիմը զբաղվում է ռուսական սահմանի մերձակայքում գտնվող ուկրաինական բանակի և անջատողականների զոհված զինվորների որոնմամբ և ինքնության հաստատմամբ: Չնայած հրադադարին՝ կամավորներն իրենց աշխատանքները ստիպված են համաձայնեցնել ինչպես Ուկրաինայի իշխանությունների, այնպես էլ անջատողականների հետ:
«Ուկրաինական կողմից մենք փոխանցում ենք մարմինները Դոնեցկին և հակառակը»,- ասում է Ալեքսեյը, ով «Սև վարդակակաչ» կամավորական թիմի առաջնորդն է:
Անհետ կորածների գործերով անջատողականների հանձնակատար Լիլիա Ռադիոնովան օգնում է համակարգել կամավորների աշխատանքները: Նրա խոսքով, յուրաքանչյուր օր ինքն անհետ կորած անձանց գտնելու հազարավոր դիմումներ է ստանում: Դրա վառ ապացույցն են հանձնակատարի սեղանին կուտակված դիմումները և անհետ կորածների լուսանկարները։
«Դրան գումարած, ես բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում ուկրաինական զինվորների բարեկամների, մայրերի, հայրերի, կանանց կողմից: Ահա և զինված գործողությունների ընթացքում Ուկրաինայի անհետ կորած զինծառայողների ցանկը»,- ասում է նա։
Կամավորների կողմից գտնվող զինվորների մարմինները հանձնվում են իշխանություններին՝ զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով: Ալեքսեյի խոսքով, որոշ դեպքերում կամավորներին հաջողվում է նաև ինքնուրույն պարզել զոհվածների ինքնությունը՝ գրպաններում գտնվող փաստաթղթերի հիման վրա:
Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել են 6000-ից ավելի զինվորական և քաղաքացիական անձ: Հաշվի առնելով բազմաթիվ անհետ կորածների թիվը՝ պարզ է դառնում, որ կամավորները դեռ շատ աշխատանք ունեն: