Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի թուրքերը հայ - թուրքական հարաբերությունների բարելավման կողմնակից են


Նրանց կարծիքով, սակայն, Միացյալ Նահանգները չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հայ - թուրքական հարաբերությունների կարևորությունը քննարկեցին ամերիկյան փորձագետները Վաշինգտոնում:

Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարը պատրաստ է աջակցել հայ - թուրքական երկխոսությանը և հարաբերությունների շուտափույթ բարելավմանը, «Ամերիկայի Ձայն»-ին ասաց համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ, իրավաբան Գյունայ Էվինչը:

«Ամերիկայի թուրքերի համար, ովքեր մեծացել են այստեղ հայերի հետ, չափազանց կարևոր է սկսել այդ երկխոսությունն առանց որևէ նախապայմանների», - նշեց նա:

Էվինչի խոսքով, այն դեպքում, եթե քաղաքական և պատմական խնդիրներն անհամաձայնություն են առաջ բերում, կարելի է դրանք մի կողմ դնել և զարգացնել հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսությունը, ինչը թույլ կտա միմյանց նկատմամբ վստահություն ձեռք բերել: «Համագործակցության ընթացքում հնարավոր է փոխադարձ վստահություն սերմանել, ինչն էլ ի վերջո հաշտեցմամբ է ավարտվում», - համոզված է նա:

Միևնույն ժամանակ, Գյունայ Էվինչն ավելացրեց, որ համագումարը դեմ է հայ - թուրքական հարաբերությունների մեջ երրորդ կողմերի ներգրավմանը: Այսինքն, Ամերիկայի թուրքերի կարծիքով՝ Միացյալ Նահանգները չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ պետք է թույլ տա, որ այդ հարցը կարգավորեն թուրքերն ու հայերը:

Նման մոտեցմանը համաձայն չէ դոկտոր Ռոնալդ Սյունին, որի կարծիքով՝ երրորդ երկրների կողմից ցեղասպանության ճանաչումը թույլ է տալիս հարցը բարձրացնել նաև Թուրքիայում:

«Թուրքիայի ներսում առկա է հասարակության մի փոքր շերտ, որը ես առաջատար մտավորականություն եմ անվանում և որը խիզախ բարձրացնում է ցեղասպանության ճանաչման հարցը: Արտերկիրը ցեղասպանությունը ճանաչելով աջակցում է հենց այդ առաջատար եվրոպամետ մասին, որը փորձում է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իր անցյալում», - ասաց Սյունին:

Անկախ փորձագետ Արմեն Խարազյանի կարծիքով, հայ - թուրքական հարաբերությունները կարող են երեք մակարդակով զարգանալ՝ կառուցվածքային, սոցիալական և անհատական, և երկկողմ հարաբերությունների հիմնական խնդիրները կառուցվածքային մակարդակի վրա չեն, այլ՝ անհատական․ - «Կառուցվածքային առումով Հայաստանը և Թուրքիան բնական դաշնակիցներ են. երկուսն էլ ունեն եվրոպական հանրության հետ ինտեգրման ձգտում, երկուսն էլ դիմագրավում են նույն աշխարհքաղաքական մարտահրավերներին, ունեն ընդհանուր պատմություն և բազմաթիվ քաղաքական ու հասարակական զուգահեռներ, ունեն նաև ընդհանուր սահման»:

Մասնագետները կարող են դեռ երկար քննարկել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման տարբերակները, սակայն շատերը համաձայն են, որ համագործակցության հաստատումը անհրաժեշտ է երկու կողմի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG