Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանությունների փաստերով Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործերի զգալի մասը որոշ ժամանակ անց կասեցվում է, քանի որ նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս մի շարք դժվարություններ։ Այդպիսի գործերն այսօր երկու տասնյակից ավելի են։
Քննչական կոմիտեի քննության աջակցության վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Թումասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շատ հաճախ ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակի տակ է պահում տեղանքն ու թույլ չի տալիս քննչական գործողություններ իրականացնել դեպքի վայրում։
«Եթե պարզվում է, որ կրակոցը հակառակորդի կողմից է, այստեղ մենք հանդիպում ենք հաջորդ խոչընդոտին, այսինքն՝ մյուս պետության իրավապահ մարմինների հետ համագործակցության հարցին, որը ներկա դրությամբ, ցավոք սրտի, չի իրականացվում՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական այդ լարված իրավիճակը և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Չնայած մենք հանդիսանում ենք ընդհանուր համաձայնագրերի, նույն ԱՊՀ երկրների շրջանակում՝ փոխօգնության, փոխհամագործակցության համաձայնագրերի անդամ պետություններ, բայց, միևնույնն է, այդ երկու պետությունների պարագայում գործնականում դա չի իրականացվում», - ասաց քննիչը:
Այդուհանդերձ, կախված վաղեմության ժամկետից, այդ քրեական գործերը, ցանկացած պահի կարող են վերսկսել՝ համապատասխան խոչընդոտի վերացումից անմիջապես հետո, հավելում է քննիչը․ - «Խնդիրը նաև կայանում է նրանում, որ ապացուցողական բազան հիմնականում գտնվում է հակառակորդի կողմում: Այսինքն՝ նույն հրազենը, որով իրականացվել է սպանությունը, կամ այլ իրեղեն ապացույցներ, որոնք որ անհրաժեշտ են գործի ամբողջական, բազմակողմանի և լրիվ քննության համար, ինքը հասու չէ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների համար առհասարակ»:
Ստեղծված իրավական փակուղին ժամանակավոր բնույթ է կրում, ասում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
«Կգա ժամանակ, և այդ բոլոր գործերը նորից շունչ կստանան, ընթքացքի մեջ կդրվեն: Չեմ ասում այն գործերը, որոնք ներկայացվել են Եվրոպական դատարան, այլ գործերի մյուս կատեգորիաները: Իսկ մոտ 7-8 գործեր ներկայացվել են Եվրոպական դատարան, որտեղ շոշափվում են կյանքի իրավունքի խնդիրը, արգելված վերաբերմունք, անազատության օրինականության հարցը», - ասաց Ղազարյանը:
Տարբեր տարիների Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ուղարկվել բողոքներ՝ ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ: Այդ գործերից առայժմ նորություն չկա, նշում է փաստաբանը։
«Այս գործերը ընթացքի մեջ են բայց մոտենում է այն ժամանակը, երբ պետք է գործերի քննությունները սկսվեն: Մանվել Սարիբեկյանի գործով արդեն 4-րդ տարին է, որ դիմումը ներկայացվել է և հուսով եմ, որ Եվրոպական դատարանը գործի քննությունը կսկսի», - նշեց միջազգային իրավունքի մասնագետը:
Մանվել Սարիբեկյանը գերության մեջ էր հայտնվել 2010 թվականին, ամիսներ անց Հայաստան վերադարձվեց Սարիբեկյանի դին։
Այսօր Եվրադատարանում է նաև Տավուշի մարզից ադրբեջանական գերության մեջ հայտնված Մամիկոն Խոջոյանի գործը․ ծերունին խոշտանգված ու բռնության հետքերով վերադարձվեց հայկական կողմին, երկու ամիս անց մահացավ։ Այս գործով զբաղվում է փաստաբանների խումբը, որի անդամ է նաև Քրիստինա Գևորգյանը։
«Այդ գործը Եվրադատարան է հանձնվել սեպտեմբերի 4-ին մենք տեղյակ ենք՝ կոմունիկացի ա է եղել Եվրադատարանի կողմից, որ սեպտեմբերի 19-ին այն ռեգիստրացիա է եղել: Այս պահին՝ ինչ փուլում է, մենք տեղյակ չենք, քանի որ սպասում ենք հետագա կոմունիկացիաների», - ասաց Գևորգյանը:
Փաստաբանները պատրաստվում են նաև Եվրադատարան ներկայացնել անցած օգոստոսին գերեվարված ապա ադրբեջանական գերության մեջ անհասկանալի հանգամանքներում մահացած Տավուշի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործը։ Ի դեպ, 2009 թվականին գերության մեջ հայտնված Տավուշի մարզի բնակիչ Արթուր Բադալյանի գործը նույնպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է, Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ժամանակին զբաղվել է այդ գործով, ասաց, որ այս գործով ևս դեռ որևէ նորություն չկա։