Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը Վատիկանում կայացած եկեղեցական արարողության ժամանակ ցեղասպանություն բառն է օգտագործել 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի առնչությամբ, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները։
BBC-ի փոխանցմամբ՝ Սուրբ Պետրոսի տաճարում Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգով մատուցված Պատարագի ընթացքում, որին ներկա են եղել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ասել է, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն»։
«Առաջինը, որը լայնորեն համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», պատուհասել է ձեր իսկ՝ հայ ժողովրդին», - հայտարարել է Ֆրանցիսկոս պապը, ինչպես նշում է BBC-ն՝ գործածելով Հռոմի Հովհաննես-Պողոս պապի 2001 թվականի հռչակագրի ձևակերպումը։
Ֆրանցիսկոսը խոսել է նաև «նացիզմի ու ստալինիզմի կողմից գործադրված» ոճիրների մասին և ասել, որ դրանց հաջորդեցին այլ ցեղասպանություններ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում։
Հռոմի պապը շեշտել է, որ իր պարտքն է հարգել նահատակվածների հիշատակը։
«Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքը արյունահոսի՝ առանց վիրակապելու այն», - ասել է Պապը։
BBC-ն հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս պապը հայերի հետ կատարվածի առնչությամբ ցեղասպանություն բառը առաջին անգամ օգտագործել է երկու տարի առաջ՝ հարուցելով Թուրքիայի կատաղի հակազդեցությունը, և կանխատեսում է պաշտոնական Անկարայի նույնպիսի արձագանք այս դեպքում ևս։
Associated Press լրատվական գործակալությունն էլ փոխանցում է, որ Պապը այսօրվա արարողության ժամանակ նաև մեծարել է Սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ նրան շնորհելով «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը, որին մինչ օրս արժանացել էր ընդամենը 35 մարդ։