Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը կրկին կպայքարի նախագահի պաշտոնի համար


Հիլարի Քլինթոն, մարտ, 2015թ․
Հիլարի Քլինթոն, մարտ, 2015թ․

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, պետքարտուղար և սենատոր Հիլարի Քլինթոնը պատրաստվում է կրկին մասնակցել նախագահական պայքարին, այս անգամ՝ հաղթանակի ավելի բարձր ակնկալիքներով:

Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ գործիչ Հիլարի Քլինթոնն այս կիրակի կհայտարարի առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, հայտնում են Քլինթոններին մոտ կանգնած աղբյուրները:

Ըստ տեղեկությունների, իր առաջադրման մասին Քլինթոնը կհայտարարի կիրակի կեսօրին առցանց՝ սկզբում կարճ հաղորդագրությամբ Թվիթեր սոցիալական ցանցում, այնուհետև՝ ինտերնետում տեղադրվելիք տեսանյութով: Նույն օրը արդեն նախագահի ոչ պաշտոնական թեկնածուի կարգավիճակում Քլինթոնը կայցելի Այովա և Նյու Հեմփշիր նահանգներ, որոնք ավանդաբար տատանվում են դեմոկրատներին և հանրապետականներին աջակցելու միջև և որոնց քվեն կարող է վճռորոշ դեր խաղալ նախագահական պայքարում:

Միացյալ Նահանգներում ավանդաբար նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկն է համարվում ընտրություններին նախորդող տարվա սեպտեմբերը, երբ նախագահական պաշտոնի թեկնածուները պայքարում են սեփական կուսակցությունների ներսում: Այնուհետև, հաջորդ տարվա ամռանը Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն առաջադրում են կուսակցությունների ներսում հաղթած մեկական թեկնածուներին, որոնք էլ մասնակցում են նախընտրական պայքարին: Հերթական նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան 2016 թվականի նոյեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ 2008-ին նույնպես Հիլարի Քլինթոնը պայքարում էր նախագահական ընտրություններում որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու առաջադրվելու համար, սակայն կուսակցությունը որոշեց առաջադրել Բարաք Օբամայի թեկնածությունը: Այս անգամ, սակայն, Հիլարի Քլինթոնն առաջադրվելու լուրջ հնարավորություն ունի. Gallup-ի հարցման համաձայն` նրան աջակցում է հարցվածների 48 տոկոսը, ու թեև դա շատ բարձր ցուցանիշ չի կարելի համարել, Դեմոկրատական կուսակցության երկու մյուս հավանական թեկնածուները՝ սենատոր Էլիզաբեթ Վարենը և փոխնախագահ Ջո Բայդենը դեռ չեն հայտարարել առաջադրման համար պայքարելու իրենց մտադրության մասին:

Ընտրություններում հաղթանակի դեպքում 67-ամյա Հիլարի Քլինթոնը կդառնա Միացյալ Նահանգների առաջին կին նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG