Պաշտոնական հաշվարկներով, առաջին անհարժեշտության ապրանքների ու ծառայությունների համար անհրաժեշտ է 58 հազար դրամ, մինչդեռ նվազագույն աշխատավարձն այսօր ընդամենը 50 հազար է:
Այս տարբերությունը որպես խախտում արձանագրել է նաև օմբուդսմենը՝ իր զեկույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը առաջարկելով վերանայել նվազագույն աշխատավարձի չափը:
«Հենց Սահմանադրությունն է փաստում, որ պետությունը պարտավոր է յուրաքանչյուր անձի համար բավարար կենսակերպ ապահովել», - «Ազատության»-ը փոխանցեց օմբուդսմենի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը՝ պնդելով, որ այս դեպքում խախտվում է մարդու արժանապատիվ ապրելու իրավունքը:
«Եվ սա շատ մտահոգիչ է։ Հայաստանին բազմաթիվ անգամներ տարբեր միջազգային կազմակերպություններ զգուշացրել են իրենց դիտողություններում, Հայաստանի վերաբերյալ իրենց զեկույցներում, որ Հայաստանում այս խնդիրը շատ լուրջ է, և տարիներ շարունակ չի համապատասխանել», - ասաց Խաչատրյանը։
Նախարարությանը հարցում է ուղղել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ հասկանալու՝ արդյո՞ք Կառավարությունը ինչ-որ քայլեր է ձեռնարկում այս անհամատեղելիությունը բացատրելու կամ վերլուծելու համար:
«Պատասխաները վերացական էին», - ասում է Պիպոյանը՝ եզրակացնելով, որ այս ուղղությամբ պետական այրերը անգամ չեն մտածում: «Ու պատկերացրեք, որ մենք անգամ չունենք ուսումնասիրություն՝ սպառողն ինչպե՞ս է հասկանում, պետությունն ինչպե՞ս է սահմանում, չենք հասկանում որտե՞ղ ունենք անհամապատասխանություն, ո՞վ է ճիշտ ավելի։ Եթե այս ուսումնասիրությունը չի արվել, մնացած ամեն ինչն արդեն պատկերացրեք, թե ինչպիսի սիրողական մակարդակում է», - ասաց Պիպոյանը։
Ազգային Վիճակագրական ծառայության սահմանած 58 հազար դրամ արժողությամբ նվազագույն սպառողական զամբյուղի միայն մոտ 33 հազարը՝ սննդի համար է, այսինքն՝ օրական 1100 դրամ:
Վիճակագրական ծառայության աշխատակիցները հաշվել են՝ յուրաքանչյուր օր մարդ պետք է ստանա առնվազն 100 գրամ միս կամ ձուկ, 50 գրամ կաթնամթերք, 1 ձու, 200 գրամ հացամթերք, 200 գրամ բանջարեղեն, 300 գրամ միրգ, 200 գրամ թեյ, սուրճ կամ հյութ և որոշ այլ կարևոր սննդամթերք:
Այս թիվը բազմապատկեցինք 7-ի, և 7 հազար 700 դրամով մտանք մթերային խանութներից մեկը՝ պարզելու կբավարի՞ արդյոք այս գումարը՝ մեկ շաբաթվա համար անհրաժեշտ սննդամթերք գնելու համար: Դրամարկղում պարզվեց, որ առաջին անհրաժեշտության մթերքների մի մասից ստիպված ենք հրաժարվել՝ գումարը չբավարարեց, թեպետ հաշվարկը կատարել էինք նվազագույն սննդամթերքով և չափաբաժնով:
Սպառողների շահերի պաշտպան Բաբկեն Պիպոյանի ոսումնասիրություններն է՛լ ավելի տխուր են. կենսաթոշակով ապրող մարդիկ անգա՛մ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել:
«16 տարվա աշխատանքային ստաժի հաշվարկով աշխատանքային կենսաթոշակի չափը կազմում է 27 հազար 66 դրամ։ Սրանք այն թվերն են, որոնք սոցապ նախարարության կողմից են մեզ ուղարկվել։ Բոլորս հասկանում ենք երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, բոլորս հասկանում ենք աղքատության տոկոսը, բայց ուղղակի չունենա՞լ հետազոտություններ և չունենա՞լ ռազմավարություն անգամ...», - ասաց Պիպոյանը։
«Պետությունը տարրական հարգանք չունի իր քաղաքացու նկատմամբ», - կարծում է Պիպոյանը՝ հորդորելով պաշտոնյաներին գոնե անկեղծ լինել. - «Վարելով ջայլամային քաղականություն՝ պարզապես ավելացնում ենք թերսնվող մարդկանց թիվը, ինչը հետագայում լրջագույն խնդիրների է հանգեցնում»։
«Ունենալ հարստացված մթերք և ասել, գիտեք, պտուղ-բանջարեղենը, ոչ սեզոնային, մենք ուղղակի չենք կարող տալ..., բացը լրացրեք հետևյալով՝ գոնե զամբյուղի գինը նվազեցրեք և գոնե ուղղորդեք մարդկանց, որովհետև թերսնուցման մեծ տոկոս ունենք երկրում», - ասաց Պիպոյանը։
Նվազագույն սպառողական զամբյուղի 58 հազար դրամից 33 հազարն արդեն ծախսված է՝ զամբյուղը, մինչդեռ, կիսադատարկ է: Սակայն դեռ պետք է հաջողել մնացած 25 հազար դրամով կոմունալ ծախսերը փակել, տրանսպորտից օգտվել, երբմեն-երբեմն էլ հագուստ, դեղորայք գնել: Ծայրը-ծայրին չհասցնելուց հետո՝ նվազագույն աշխատավարձով հանգստանալու կամ մշակութային որևէ միջոցառմանը մասնակցելու հեռանկարը զուտ երազանք է մնում:
Օմբուդսմենի տեղակալի պնդմամբ՝ սա մարդու իրավունքների խախտման համամարդկային խնդիր է, սակայն, նույնիսկ դատական համարգով որևէ մեկը չի կարող վերականգնել իր խախտված իրավունքները: Խնդրի լուծումը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միայն օրենսդրական փոփոխությունների միջոցով է տեսնում: