Մատչելիության հղումներ

Քերոլին Մուգար. «Մենք դեմ չենք նաև Թուրքիայում արմատներ գցել»


Քերոլին Մուգար, արխիվ
Քերոլին Մուգար, արխիվ

Armenia Tree Project-ի հիմնադրի խոսքով, հայ - թուրքական հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է մարդկանց ընդհանուր ծրագրերում ընդգրկել։

Ծառ տնկելով՝ մենք խորհրդանշական արմատներ ենք դնում մեր հայրենիքում, վստահ է հայտնի հայ ակտիվիստ, Armenia Tree Project կազմակերպության հիմնադիր Քերոլին Մուգարը:

Անցած տարիներին կազմակերպությունը Հայաստանում ավելի քան 4.5 միլիոն ծառ է տնկել, «Ամերիկայի Ձայն»-ին պատմեց Քերոլին Մուգարը:

Նրա խոսքով, մտահղացումը ծնվել է դեռ 1980-ականների վերջին, երբ Ամերիկայի Հայկական համագումարը նախագահող Քերոլին Մուգարը Հայաստան այցելեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Մտահղացումն ավելի ամբողջական դարձավ 1990-ականներին, երբ ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանի բնակչությունը ստիպված էր ծառեր կտրել։

«Մենք որոշեցինք անել այն, ինչի մասին բոլորը խոսում էին՝ ծառ տնկել: Դրանից հետո ընդհանուր առմամբ 4.5 միլիոն ծառ ենք տնկել», - ասաց Մուգարը։

Նրա փոխանցմամբ՝ կազմակերպության հիմնական նպատակը մարդկանց հայրենի հողին կապելն է։

«Դա շատ խորհրդանշական է. մարդիկ իրենց հայրենի հողում արմատներ են գցում՝ ապահովելով կայուն և բարգավաճող Հայաստան», - ասաց Armenia Tree Project կազմակերպության հիմնադիրը։

Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերություններին՝ Մուգարը, որի հայրը՝ Սթիվեն Մուգարը Խարբերդից ընտանիքով տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, որտեղ այնուհետև դարձել հաջողակ և մեծահարուստ գործարարներից մեկը, նշում է, որ լավատես է այդ հարցում:

Նրա խոսքով, հայ - թուրքական հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է մարդկանց ընդհանուր ծրագրերի մեջ ընդգրկել, ինչը թույլ կտար ազգերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ ձեռք բերել։

«Ես հավատում եմ, որ հարաբերությունները կբարելավվեն, սակայն կարծում եմ, որ դրան հնարավոր չէ հասնել առանց ամուր հիմքի, իսկ սուտը միայն փտած հիմք է բերում», - ասաց Մուգարը։

Նրա կարծիքով, այսօրվա Թուրքիան հիմնովին փոփոխություններ է ապրել, և ինչպես երիտասարդները, այնպես էլ տարեցները պատրաստ են այսօր այլ աչքերով նայել իրենց պատմությանը: Իսկ եթե հարաբերությունները կարգավորվեն, Քերոլին Մուգարը պատրաստ է աշխատել նաև Թուրքիայում։ «Մենք դեմ չենք նաև Թուրքիայում արմատներ գցել», - ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG