Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում գտնվող Ամերիկայի Հայկական թանգարանը Հայաստանից դուրս գտնվող հայկական խոշորագույն հավաքածուներից մեկն է:
Տնօրեն Պերճ Չեքիջյանի խոսքով, թանգարանի գաղափարը ծնվել է գրեթե կես դար առաջ, երբ մի խումբ հայեր որոշեցին միավորել իրենց ծնողների՝ պատմական հայրենիքից բերված գրքերը և հայկական գրադարան ստեղծել:
«Շուտով, սակայն, պարզվեց, որ շատերն իրենց մոտ ունեն նաև հայ արվեստի գործեր և պատմական նմուշներ, որոնք նույնպես պատրաստ են փոխանցել մեզ, իսկ 1988-ին հայտնի հայ կոլեկցիոներ Զարե Բետուկյանն իր ամբողջ հավաքածուն մեզ խոստացավ փոխանցել, եթե մենք կարողանայինք թանգարանի շենք գնել», - պատմեց Չեքիջյանը:
Թանգարանն իր նորացված հավաքածուով, այդ թվում հնագույն և հայկական պատմական 4 հազար մետաղադրամների հավաքածուով, վերաբացվեց 1990-ին: Թանգարանի հիմնադիրներից մեկի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկ Տեր-Մանուելյանի խոսքով, թանգարանում ներկայացված է հայկական ժառանգության Ամերիկայի խոշորագույն հավաքածուն, այդ թվում՝ հայոց պատմական ու կրոնական նմուշներ:
Թանգարանի ներսում գտնվող մատուռը Երևանի Աբովյան փողոցում գտնվող եկեղեցու կրկնօրինակն է: Տնօրենի խոսքով, մատուռը կառուցվել է 1994-ին Նյու Յորքի Մորգանի գրադարանի կողմից՝ հատուկ Մատենադարանից ստացված ձեռագիր հայկական մատյանների ցուցադրության համար, ինչից հետո գրադարանը փորձել է վաճառել այն: Սակայն մի կին որոշել է գնել մատուռի շենքը, որը նա ցանկանում էր տեղադրել իր բակի երեխաների խաղահրապարակում: «Այդ մասին տեղեկանալով՝ գրադարանը հրաժարվեց վաճառել մատուռը, կապվեց մեզ հետ և առաջարկեց անվճար փոխանցել այն մեր թանգարանին», - ասաց Պերճ Չեքիջյանը:
Թանգարանը բացվում է «Ովքե՞ր են հայերը» ցուցահանդեսով, որը ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունն ու արվեստը: Այստեղ կարելի է տեսնել հայ գիտություն, զինագործության, խեցեգործության և գորգագործության լավագույն նմուշները: Տարիներ առաջ, հիշում է տնօրենը, թանգարան էր այցելել մի պատվիրակություն Լեռնային Ղարաբաղից, որի անդամներն ասել են, որ թանգարանում ավելի շատ ղարաբաղյան պատմական գորգեր կան, քան՝ Ղարաբաղում:
Թանգարանի հավաքածուի գոհարն է 1207 թվականի ձեռագիր Աստվածաշունչը, որը պահպանվել է հայ հոգևորականների ընտանիքում՝ 39 սերունդների ընթացքում: Պերճ Չեքիջյանի խոսքով, այս մատյանի մասին ասում են, որ բուժիչ ուժ ունի ու եթե վրան հացի կտոր դնեն և այնուհետև ուտեն այն՝ կարելի է բուժվել բոլոր հիվանդություններից: Այժմ, նշում է տնօրենը, թանգարանն Աստվածաշունչը պահպանող 40-րդ սերունդն է դարձել: