Մատչելիության հղումներ

ՓՄՁ-ները կկարողանան գրավադրել նաև շարժական գույքը


Հոկտեմբերի 1-ից փոքր ու միջին ձեռնարկատերերին հնարավորություն կտրվի վարկեր վերցնել նաև շարժական գույքի գրավադրմամբ։ Այս բարեփոխման իրականացման համար անհրաժեշտ օրենդրության մշակման գործում առանցքային դեռ է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը:

Փոփոխությունն արվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես գյուղերում ձեռներեցները հաճախ զրկվում են վարկ վերցնելու հնարավորությունից՝ անշարժ գույք չունենալու պատճառով։

Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը վստահեցնում է, որ նոր համակարգի ներդրումը հնարավորություն կտա լրացուցիչ միջոցներ ներգրավել գրավադրման համար․ - «Եթե հարցը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, մենք որպես գրանցման ենթակա գույքի ցանկ հատուկ նշել ենք․ դրանք կենդանիները կարող են լինել, կարող է լինել ապագայում ստացվելիք բերքը և այլն»:

Բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը կարծում է, որ շարժական գույքի գրավադրման հնարավորությունը կազդի նաև տոկոսադրույքների վրա․ - «Այն երկրներում, որտեղ նման համակարգի ներդրման հաջողված փորձեր կան, մեկ տարվա ընթացքում սպառողական վարկավորման ծավալները մեծացել են 30 տոկոսից ավելի»:

ВТБ բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ Միհրան Խաչատրյանն ու ՖԻՆՔԱ վարկային կազմակերպության ղեկավար Հրաչյա Թոխմախյանը համամիտ են, որ շարժական գույքի գրանցումը կնվազեցնի ռիսկերը, ինչն էլ իր հերթին կարող է ազդել տոկոսադրույքների վրա։

«Եթե այս համակարգը ապահովում է տեղեկատվության թափանցիկություն, այսինքն՝ ստեղծում է մի համակարգ, մի դաշտ, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն, որ գույքը ծանրաբեռնված է գրավով, դա աշխատանքները ավելի դյուրին կազմակերպելու խնդիր է լուծում», - հավելեց Թոխմախյանը:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը թեև դրական է գնահատում շարժական գույքի գրավադրման հնարավորությունը, այդուհանդերձ որոշ խնդիրներ է տեսնում․ - «Կարող է նույն տնտեսվարող սուբյեկտը իր անշարժ գույքը դրել է, վարկ է վերցրել և այդ վարկի հետ կապված խնդիրներ ունի: Հիմա ուզում է շարժական գույքը դնել ու էլի վարկ վերցնել: Իրեն ասում են՝ արդեն անշարժ գույքով գիտենք, որ դու լավ վարկառու չես: Հետևաբար, շարժական գույքով էլ մենք քեզ չենք նպաստում: Երկրորդը, որ շարժական գույքի գնահատման համակարգը կարող է բերել նրան, որ այսօր շատ սարքավորումներ զրոյական հաշվեկշռով են նստած, մաշվածությամբ արդեն դուրս են գրվել, բայց հիմա դրանք պիտի վերագնահատվեն, որը կօգտագործեն գրավադրման համար»:

Մակարյանը հավելեց, թե հաշվապահական հաշվառումից ստացված լրացուցիչ արժեքը կարող է գույքահարկի խնդիր առաջացնել տնտեսվարողի համար: Նաև ասաց, որ հստակ չէ, թե ովքեր ու ինչ չափորոշիչներով են գնահատելու շարժական գույքը:

Թեև համակարգի ներդրման համար մի շարք ուսումնասիրություններ են կատարվել, օրենսդրական փոփոխություններ իրականացվել, այդուհանդերձ, գյուղացիները շարունակում են պնդել՝ առաջնայինը ցածր տոկոսադրույքներն են։

«Ցածր տոկոսով վարկ պիտի տրամադրեն ու մի քիչ երկար ժամկետով: Որովհետև այսօր մենք վերցնում ենք վարկերը, չես հասցնում էն մի վարկը փակես, նորից ստիպված ուրիշ բանկից վերցնում ես, էն մեկինն ես փակում: Հազիվ տոկոսներն են փակում, մայրը գումարը մնում է», - «Ազատությանն» ասաց Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչներներից մեկը։

Գյուղացիները նաև մտավախություն ունեն, որ շարժական գույքը կարող է փչանալ, վնասվել, անասունը՝ սատկել․ -«Կարկուտ եկավ՝ խփեց-ջարդեց: Կամ անասունը ընկավ-սատկավ՝ որդո՞ւց ենք տալու: Էլի մնալու ա մեր վզին: Անիմաստ բաներ ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG