Մատչելիության հղումներ

Բոստոնի Հայկական ժառանգության պուրակը՝ հայ ժողովրդի վերելքի խորհրդանիշ


Ճարտարապետ Դոնալդ Թելալյան
Ճարտարապետ Դոնալդ Թելալյան

Հայկական ժառանգության պուրակը խորհրդանշում է պատմության ընթացքում պառակտված մի ժողովրդի, որն անընդհատ փորձում է վերամիավորվել:

Բոստոնում գտնվող Հայկական ժառանգության պուրակն այս տարի կներկայանա նոր տեսքով:

Պուրակը, որը գտնվում է Բոստոնի սրտում՝ «Ֆանել Հոլ» առևտրի սրահի և Կոլումբոսի այգու միջև, քաղաքի տեսարժան վայրերից մեկն է: Ըստ պուրակի ճարտարապետ Դոնալդ Թելալյանի, պուրակում տեղադրված կիսված տասներկուանիստ արձանը հայ ժողովրդի խորհրդանիշն է, որը կիսվել, հայրենիքն է կորցրել:

«Առաջին համաշխարհային պատերազմից հետո նախագահ Ուիլսոնը փորձեց Հայաստանը վերամիավորել: Այդ փորձը չհաջողվեց, սակայն երկու կիսատ մասնիկներն անընդհատ փորձում են որևէ կերպ վերամիավորվել», - ասաց ճարտարապետը:

Այսպիսով, ավանդական խաչքարեր տեղադրելու փոխարեն որոշվել է այլ մոտեցում ցուցաբերել: Պուրակի հեղինակի խոսքով, արձանի խորհրդանշական իմաստը համընդհանուր է, և Միացյալ Նահանգներում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչներ՝ իռլանդացիներ, լեհեր, արձանի խորհրդանիշը նաև իրենց են վերագրում:

Դոնալդ Թելալյանը հավելում է, որ պուրակը երկու մասից է բաղկացած՝ պառակտված ժողովուրդ խորհրդանշող տասներկուանիստ արձանից և լաբիրինթոսից:

«Լաբիրինթոսը կյանքի խորհրդանիշ է, կյանքի մեր ուղին: Սակայն, լաբիրինթոսն ունի նաև մեկ այլ նշանակություն: Պուրակը կառուցելիս մենք ցանկանում էինք, որ այն իսկապես ընտանեկան ժամանցի տեղ դառնա: Ահա այստեղից ծնվեց լաբիրինթոսի գաղափարը, որն այսօր երեխաների սիրված խաղավայրն է», - նշեց ճարտարապետը:

Խարբերդցի մոր և ադանացի հոր արյունն իր մեջ միավորած Դոնալդ Թելալյանի խոսքով՝ Հայկական ժառանգության պուրակը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերելքը․ - «Պուրակը ցույց է տալիս հայերի հույսն ու վերածնունդը: Բավական է գլուխներիս մոխիր լցնել, ժամանակն է, որ վերածնվենք ու ոտքի ելնենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG