Մատչելիության հղումներ

ԵՏՄ անդամ երկրների միջև առևտուրը կրճատվել է


ԵՏՄ անդամ երկրների միջև առևտուրը կրճատվել է
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00

Առևտրի ծավալները հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են մոտ 36 տոկոսով։ Ռուս տնտեսագետները, հորդորում են «դանդաղ շտապել»և վաղաժամ դատողություններ չանել։

Արդեն երեք ամիս գործող Եվրասիական տնտեսական միության երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի միջև ներքին առևտուրը հունվարին նախորդ տարվա համեմատ կրճատվել է մոտ 36 տոկոսով՝ հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքէջը։

Կառույցի անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության, ներմուծման ու արտահանման ծավալները նույնպես նվազել են։ Ռուս տնտեսագետները, սակայն, հորդորում են «դանդաղ շտապել» և վաղաժամ դատողություններ չանել։

«Արդարացված չեն սպասումները, որ Եվրասիական միութանն անդամակցելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանի տնտեսությունը կտրուկ փոխվելու էր, ներքին խնդիրները՝ լուծվելու», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության հիմնած ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսական հարցերով բաժնի վարիչ, տնտեսագետ Ազա Միհրանյանը։

«Անդամակցությունը Եվրասիական միությանը չի լուծում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Բելառուսի ո՛չ էլ Հայաստանի տնտեսությունների խնդիրները։ Այն հնարավորությունների պատուհան է։ Եվ հիմա Հայաստանը դեռևս իրավական բազայի ներդաշնակության խնդիր է լուծում, և մենք չենք կարող ասել, որ նույնիսկ կես տարվա ընթացքում մենք լուրջ արդյունքներ կունենանք», - ասաց Միհրանյանը։

Ռուսաստանցի տնտեսագետի կանխատեսմամբ՝ առևտրային ծավալների փոփոխություն կտեսնենք երեք ամիս անց՝ աշնանը, երբ բերքը կհասնի ու կբացվի Լարսի անցակետը։ Շոշափելի արդյունքներ էլ կգրանցվեն միայն 2015 թվականի ավարտին, ասաց Միհրանյանը՝ խորհուրդ տալով «դանդաղ շտապել»։

Անդամակցեր Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը, թե՝ ոչ, միևնույն է, ռուսական ռուբլու փոխարժեքի փոփոխությունը բացասաբար էր ազդելու Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության վրա, համոզմունք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն Սվետլանա Գլինկինան՝ պատասխանելով «Ազատության» այն դիտարկմանը, որ միությանն անդամակցելուց հետո ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով նվազել են Հայաստանից դեպի ԵՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալները։

Ըստ տնտեսագետի, ստեղծված իրավիճակը կապված է համաշխարհային տնտեսությունում առկա երևույթների, մասնավորապես, նավթի գնի անկման հետ։

«Կարծում եմ առաջիկայում պետք չէ շատ դրական հույսեր փայփայել այս ուղղությամբ, բայց դա ողբերգություն չէ և ոչ էլ Եվրասիական միության ինտեգրվելու մեղքով է։ Սակայն այդ իրավիճակը բավական երկար կտևի», - ասաց Գլինկինան։

Իսկ մինչև այդ, տնտեսագետը խորհուրդ տվեց աշխատել համատեղ ծրագրերի իրականացման վրա։ «Օրինակ՝ դեղագործության ու ոսկերչության համար ռուսական շուկան լայն սպառման հնարավորություն կարող է ընձեռել Հայաստանին», - հուշեց Սվետլանա Գլինկինան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG