Մատչելիության հղումներ

Եվրոբոնդերի երկրորդ տեղաբաշխումից մուտքը կազմել է 487 միլիոն դոլար


Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ եվրոբոնդերի երկրորդ տեղաբաշխումից մուտքը կազմել է 487 միլիոն դոլար:

«Այդ պարտատոմսերի իրացումից մուտք եղած գումարների մի մասը՝ 205 միլիոն դոլարի չափով, վճարվեց նախկին արտարժութային պարտատոմսերի ներկրման համար: Մնացած գումարները, որոնք կան և վաղը՝ ամսի 27-ին փոխանցվելու են Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվ, անհրաժեշտ է, որպեսզի մեր բյուջետային համակարգում ներառվեն», - մանրամասնեց փոխնարարը:

Ընդհանուր գումարից 40 միլիարդ դրամը Կառավարությունը պատրաստվում է տրամադրել բյուջեի պակասուրդը փակելու համար, իսկ մյուս մասը կուղղվի կայունացման ֆոնդ, որտեղից էլ կֆինանսավորվեն կառավարության ընտրած ուղղությունները։ Այլ մանրամասներ ֆինանսների փոխնախարարը չհաղորդեց։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հերթին հստակեցրեց, որ եվրոբոնդերից ստացված գումարների մի մասով վճարում են նախկին թողարկածների պարտքը․ - «700 միլիոն եվրոբոնդեր էինք մենք վերցրել: Այս վերցրած մեր 500 միլիոն եվրոբոնդից մենք 200 միլիոնը մարում ենք նախկին պարտքը»:

Տնտեսագետ, Arrow Global ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանի կարծիքով, ավելի լավ կլիներ, որ հստակ մատնանշվեր, թե կայունացման ֆոնդում տեղակայված գումարներով ինչ ուղղություններ պետք է ֆինանսավորվեն, ինչ նախագծեր պետք է իրականացվեն․ - «Եվ այդ պրոեկտները լինեին ներդրումային պրոեկտներ, որոնք ապագայում եկամուտ կբերեին, և այն տոկոսային ծախսերը, որոնք պետությունը պետք է վճարի տարիների ընթացքում, գոնե այդ տոկոսները փակեին: Հիմա սա ավելի շատ հավանական է ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար: Ընթացիկ ծախսերը սովորաբար եկամուտ չեն բերում ապագայում»:

Հիշեցնենք, մարտի 19-ին Հայաստանը թողարկեց 500 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով և 7.5 տոկոս եկամտաբերությամբ։ Սա, ըստ էության, երբևէ ձեռք բերած ամենաթանկ վարկն է։

Առաջին անգամ Հայաստանը եվրապարտատոմսեր է թողարկել 2013 թվականին. 700 միլիոն դոլարի պարտատոմսերը թողարկվել էին 7 տարի մարման ժամկետով, տարեկան 6.25 տոկոսով, որով Կառավարությունը ժամկետից շուտ մարեց Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարի վարկը։

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից երկրի տնտեսական վիճակին է անդրադարձել նաև նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ թերահավատություն հայտնելով կուտակային կենսաթոշակային համակարգից սպասվող դրական ակնկալիքների ու Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու օգուտների մասով․ - «Էսօր կանչեք, պատժեք այդ կուտակային հեղինակներին: Բա ինչի՞ ներդրումները չավելացան, ի՞նչ եղավ էս պետությունը, ո՞ւր են գնացել էդ փողերը, ինչի՞ էինք տանում․․․ Կամ էն մարդիկ, որ ասում են՝ վերջապես հայտնվեցինք Մաքսային միությունում, 170 միլիոնանոց շուկա ստացանք, ըտենց բաներ մի ասեք: Առանձնապես դրան դեմ ես չեմ խոսացել, ասել եմ՝ դա իմ գործը չի, բայց 7 միլիարդ էր գուցե կորցրել եք: Իսկ ձեզ ո՞վ ասեց, որ դուք մինչև էդ 170 միլիոնանոց շուկան չունեիք: Ազատ առևտրի ռեժիմով աշխատում էիք, աշխատեիք էլի՞․․․»

Ժամանակի սղության պատճառով Հրանտ Բագրատյանի քննադատությունն անավարտ մնաց։

Թեև իշխանությունները պնդում են, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը տնտեսապես կշահի, ընդդիմախոսները, սակայն, փաստում են, որ դրական արդյունքներ դեռևս չկան։

Ֆինանսական հեղինակավոր կառույցները հոռետեսական կանխատեսումներ են անում Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ: Մասնավորապես, Ասիական զարգացման բանկը օրեր առաջ հրապարակած զեկույցում այս տարի կանխատեսել է 1.6 տոկոս տնտեսական աճ։ Մինչդեռ պետական բյուջեով նախատեսված է 4.1 տոկոս։ Ըստ Ասիական զարգացման բանկի փորձագետների, տնտեսական աճի նման ցածր ցուցանիշների հիմքում ընկած են համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրներն ու հատկապես Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու նավթի գնի անկումը։

«Կարճաժամկետ կտրվածքով հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, պետք է շարունակական բարեփոխումների միջոցով հասնել արդյունքի», - Ասիական բանկի զեկույցում տեղ գտած մոտեցումներին արձագանքում է տնտեսագետ Սամսոն Ավետյանը։ - «Ցավոք սրտի, դանդաղ են արվում ու մեծ մասն էլ ինչը որ պետք է արվի, չի արվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG