Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հարգեցին Ցեղասպանության տարիներին զոհված հայ կանանց հիշատակը


Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության տարիներին զոհված կանանց հիշատակին:

Մեջբերելով Սարոյանին՝ հավաքվածները հնչեցրին հայ հանճարի հանրահայտ խոսքերը․ - «Կործանեցե՛ք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշեցեք տներից անապատ, մի՛ մոռացեք խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք դարձյալ՝ պիտի չապրե՞ն: Տեսեք ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևե մասում, ծիծաղեն ու աղոթեն իրենց մայրենի լեզվով, իրենց ստեղծած Նոր Հայաստանում»:

Իր ելույթում Ալին Կիրակոսյանը խոսեց այն ծանրագույն փորձությունների մասին, որոնցով անցան հայ կանայք ցեղասպանության տարիներին. - «Կինը, որ կորցրել էր ամուսնուն, ծնողներին, ստիպված էր նաև սեփական զավակներին հորը նետել՝ որպեսզի նրանք չարժանանան տանջանքների»:

Հավաքվածներից ոմանք, չկարողանալով շարունակել հայ կանանց բաժին հասած փորձությունների թվարկումը, ստիպված էին դադարեցնել իրենց ելույթները:

Եկեղեցու հովիվ Տեր Հովսեփ Կարապետյանը հիշեցրեց, որ Ցեղասպանության բոլոր նահատակները պետք է սրբադասվեն Էջմիածնում այս տարի. - «Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունն ու մեր ժողովրդի դեմ գործած բոլոր դաժանությունները և մենք դա անում ենք ոչ միայն զոհերի հիշատակը վառ պահելու համար, այլ որովհետև չենք ցանկանում, որ նման դաժանություններ պատահեն այլ ազգերի հետ»:

Եկեղեցում հավաքվածները զոհերի հիշատակը նաև աղոթքով հարգեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG