Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդի կողմն անցնելու պահը բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեսանյութի կապակցությամբ։

Նշենք, որ այսօր ադբեջանական մամուլը 2 տեսանյութ հրապարակեց մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած Պաշտպանության բանակի զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին։ Առաջին տեսանյութում հայ զինվորը՝ սպիտակ կտորը ձեռքին, մոտենում է ադրբեջանական զորքերին, իսկ երկրորդ տեսանյութում Գրիգորյանը պարզաբանում է սահմանն անցնելու պատճառները։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեսանյութը որակում է «համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակ և ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիք»։

«Նախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը: Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն, ինչպես կանոն, իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել: Ակնհայտ է, որ տեսանյութի օգնությամբ հակառակորդը անհաջող փորձ է կատարել բարձրացնելու իրենց դիրքապահների դերը: Մեկ հանգամանք ևս. այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ նաև այն պատճառով, որ մեր դիրքապահները անմիջապես կխոցեին նման փորձ կատարողին», - ասված է նախարարության հաղորդագրությունում. - «Ինչ վերաբերում է հարցաքննությանը. տեսանյութում ակնհայտ երևում է, որ զինծառայողը նախ՝ հակառակորդի կողմից ենթարկվել է բռնության, որի հետքերը ներկայացվում են իբր՝ վերջինիս կողմից մարտական դիրքը լքելու պատճառ և արտահայտում պարզունակ ձևով հրամցված և պատրաստի մտքեր: Ակնհայտ է նաև, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտված բոլոր մտքերն ու «տեղեկությունները» կեղծ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և դրանք արվել են պարտադրանքի տակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG