Մատչելիության հղումներ

Օբամա․ Իրանի առջեւ դռները բացված են


Մինչ Շվեյցարիայում շարունակվում են Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բազմակողմանի բանակցությունները, Իրանում տոնում են Ամանորը՝ Նովրուզը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Նովրուզի կապակցությամբ հատուկ ուղերձով շնորհավորել է Իրանի ժողովրդին ՝ անդրադառնալով նաև Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված խնդիրների կարգավորման հեռանկարներին: Օբամայի խոսքով, թեև երկու երկրում էլ կան բանակցությունների շարունակման ընդդիմացող ուժեր, այս տարի եզակի հնարավորություն է տրվում կարգավորել բոլոր երկկողմ խնդիրները.

«Իրանի ժողովրդին ես կոչ եմ անում միասին կերտել մեր նախընտրած ապագան, քանի որ մենք ի վիճակի ենք կարգավորել խնդիրները խաղաղ ճանապարհով», - ասել է նա:

Օբաման հիշեցրել է, որ ինչպես Իրանի Գերագույն առաջնորդն, այնպես էլ՝ երկրի նախագահը հայտարարել են, որ Թեհրանը միջուկային զենք երբեք չի զարգացնի:

«Միացյալ Նահանգները ողջ միջազգային հանրության հետ միասին հայտարարել է, որ Իրանը պետք է կարողանա օգտվել խաղաղ միջուկային էներգիայից, այնպես որ, Իրանի առջև դռները բացված են», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Իրանի ժողովրդին Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ով մասնակցում էր Շվեյցարիայում շարունակվող՝ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններին: Քերին նաև ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ վերջինիս մոր մահվան կապակցությամբ:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Նովրուզը համարվում է գարնան սկիզբ և պարսկերեն լեզվով նոր օր է նշանակում.

«Հույս ունեմ, որ այս նոր օրը նոր դարաշրջան կբացի ամբողջ աշխարհի համար, փոխընբռնման և խաղաղության մի նոր դարաշրջան», - ասել է նա:

Իրանական Նովրուզը կամ Ամանորը երկրի հիմնական տոներից մեկն է, որը դիմավորում են ընտանիքում՝ տոնական սեղանի, պատմում է թեհրանցի Ղաֆարին.

«Խնձորը տոնական սեղանին երիտասարդություն և առատություն է խորհրդանշում, ցորենի քաղցրավենիքը՝ կյանքի քաղցրություն, քացախը՝ սննդարար կյանք, խոտը՝ անխոչընդոտ կյանք, իսկ դրամը՝ հարստություն», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG