Միացյալ Նահանգների Կոնգրեսում սկսվում է ԱՄՆ-ի արտաքին օգնության բյուջեի քննարկումը, որի ընթացքում մի շարք կոնգրեսականներ նախատեսում են պահանջել գործադիրից ավելացնել Հայաստանին տրամադրվող արտաքին օգնության չափը:
Կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ռոբերտ Դոլդը «Ամերիկայի ձայնին» պատմել են, որ պատրաստվում են պայքարել Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող օգնության ավելացման համար: Դեմոկրատ Ադամ Շիֆի խոսքով՝ Հայաստանի օգնության չափի շուրջ գործադիրի և օրենսդիրի միջև պայքարն արդեն ավանդական է դարձել:
«Մենք ստիպված ենք պայքարել, որպեսզի համոզված լինենք, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պատշաճ մակարդակով Հայաստանին օգնություն հատկացնել», - ասում է Շիֆը:
Նշենք, որ 2016-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նախատեսում է շուրջ 18 միլիոն դոլարի օգնություն ուղղել Հայաստանի տնտեսական զարգացման, 1.7 միլիոն՝ թմրանյութերի դեմ պայքարի և շուրջ 2.3 միլիոն դոլար՝ ՀՀ զինված ուժերի վերապատրաստման համար:
Թեև բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամերիկյան օգնության չափով Հայաստանը առաջատար երկրներից է, Միացյալ Նահանգների կոնգրեսականներն այնուամենայնիվ բավարարված չեն առաջարկված օգնության չափով և պատրաստվում են քննարկումների ընթացքում դրանք ևս ավելացնել, պատմում է հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդը՝ հավելելով. - «Այս օգնությունը չնչին մաս է կազմում ամերիկյան բյուջեի ընդհանուր ծախսերի համար, սակայն այն թույլ է տալիս տարածել ամերիկյան արժեքները»:
Կոնգրեսական Շիֆը հիշեցնում է, որ օրենսդիրները նաև հետևելու են, որպեսզի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին հավասար չափով օգնություն տրամադրվի։
«Ճիշտն ասած, իմ կարծիքով Ադրբեջանն ընդհանրապես չպետք է որևէ ռազմական օգնություն ստանա Միացյալ Նահանգների կողմից, եթե հաշվի առնենք այն բռնությունները, որոնք նրանք իրականացնում են շփման գծում», - ասում է կոնգրեսականը։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան կարգավորման գոտում բռնությունների աճի առնչությամբ և կոչ արել հակամարտ կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից:
Կոնգրեսական Շիֆի խոսքով, ներկա իրավիճակում, երբ պաշտոնական Մոսկվան ապացուցեց, որ ցանկանում է ուժի և ահաբեկման միջոցով վերախմբագրել Եվրոպայի սահմանները, Միացյալ Նահանգների և Հայաստանի շահերից է բխում երկկողմ համագործակցության առավել խորացումը։
«Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից հսկայական ճնշում է կիրառվում և Հայաստանի անկախության համար անչափ կարևոր է Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերությունների պահպանումը», - ասում է նա։
Ռոբերտ Դոլդն էլ համոզմունք է հայտնում, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն Հայաստանին ֆինանսական օգնության տրամադրումը, այլև պատմամշակութային արժեքների պահպանումը. - «Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է կենտրոնանալ նաև կրոնական և մշակութային արժեքների պահպանության վրա և ձեռնարկել այդ նպատակով դիվանագիտական բոլոր միջոցները, քանի որ հայ ազգի պատմության վրա հայացք գցելիս, պարզ է դառնում, որ սա հայերի համար չափազանց կարևոր հարց է»: