Մատչելիության հղումներ

Genealogy-ի մասնակից Թամար Կապրելյան. այս նախագիծը վերամիավորեց հայերին


Այս տարի մայիսին հինգ մասնակիցների հետ միասին Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի նաև երգչուհի Թամար Կապրելյանը Միացյալ Նահանգներից:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Թամարն անդրադարձավ Genealogy նախագծին, որով Հայաստանն այս տարի ներկայանալու է Եվրատեսիլում: Երգչուհու խոսքով Genealogy-ի գաղափարն է աշխարհին ներկայացնել հայերի միասնությունը, սերն ու խաղաղասիրությունը:

«Հայրս ասում է, որ մենք՝ հայերս, ցրված ենք եղել աշխարհով մեկ կարծես սերմեր լինեինք, և այժմ այս նախագիծը մեզ վերամիավորեց», - ասաց Թամար Կապրելյանը:

Լոս Անջելեսում մեծացած Թամարը շոուբիզնեսում է 17 տարեկանից, չնայած ստեղծագործել սկսել է 14-ից: Իր երաժշտությունը Թամարը բնութագրում է որպես ոգեշնչող ու ազնիվ:

«Մենք բոլորս մարդ արարած ենք և բոլորիս կյանքում լինում են բարդ պահեր: Կյանքը հեշտ բան չէ, և իմ արվեստով ես փորձում եմ փոխանցել դրական այն միտքը, որ յուրաքանչյուր օրվա վերջում նոր սկիզբ է բացվում», - նշում է Թամար Կապրելյանը:

Ինչ վերաբերում է Եվրատեսիլում Հայաստանի ներկայացրած երգին, Թամարի խոսքով, այն հարաբերությունների մեջ պարզ լինելու մասին է․ - «Դա սիրո մասին երգ է, մարդկային հարաբերություններում զիջելու և ճշմարիտ լինելու մասին է»:

Երգչուհին, որի մեջ միահյուսվել է Խարբերդի, Վանի և Երուսաղեմի հայերի և իռլանդական արյունը, նշում է, որ Եվրատեսիլում Genealogy-ն ներկայանալու է բազմազանության գաղափարով:

«Բազմազանությունը հրաշալի է: Կարծում եմ, երբ ամեն ինչ նույնանման է, դա ձանձրացնում է: Մեր խումբը ներկայացնում է այն գաղափարը, որ ծնված լինելով աշխարհի տարբեր մասերում՝ մենք միավորվել ենք ընդհանուր նպատակի շուրջ», - նշում է նա:

Թամար Կապրելյանը Genealogy նախագիծի բոլոր աջակիցներին հիշեցրեց, որ նախագծում ընդգրկված բոլոր երգիչները անընդհատ կապ են պահպանում աջակիցների հետ սոցիալական ցանցերի միջոցով և կոչ արեց ակտիվորեն աջակցել և կապի մեջ մնալ Հայաստանի այս տարվա Եվրատեսիլի մասնակիցների հետ:

«Իմ բոլոր աջակիցներին ուզում եմ ասել՝ անչափ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, առանց ձեզ այս ամենը հնարավոր չէր լինի», - հավելեց երգչուհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG