Ամերիկյան փորձագետներն անհանգստացած են. աշխարհում նոր մարտահրավերներ են առաջ եկել, որոնց Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ:
Միացյալ Նահանգների Ատլանտիկ ռազմավարական խորհրդում մեկնարկել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ռազմավարության մշակմանը նվիրված խորհրդաժողով: Մասնակիցներից շատերի խոսքով, արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն արագ արձագանք են պահանջում:
«Մեզ անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ-ի գործելաոճը, վերանայել մեր ռազմավարությունն ու արտաքին մարտահրավերների նկատմամբ նոր մոտեցում մշակել», - ասում է ԱՄՆ-ի նախագահներ Նիքսոնի և ավագ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Բրենթ Սքոքրոֆտը:
Նա համոզված է, որ Վաշինգտոնը պետք է ոչ թե ուղղակի արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին, այլ՝ բազմակողմանի միջոցառումների ծրագիր իրականացնի:
«Պետք է իրադարձությունները դիտարկել ոչ թե սովորական չափանիշների շրջանակներում, այլ նորարար լինել, քանի որ մեր օրերի աշխարհը մեզ հայտնի չափանիշների մեջ չի տեղավորվում», - նշում է Սքոքրոֆտը:
Գեներալի խոսքով, Սառը պատերազմի ավարտից հետո աշխարհում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք պայմանավորված են առաջին հերթին տեխնոլոգիական զարգացմամբ:
«Այսօր դուք կարող եք մեկ հեռախոսի օգնությամբ հրապարակում 10 միլիոն մարդ հավաքել. սա բոլորովին այլ մի աշխարհ է, որին մենք դեռ պետք է ընտելանանք: Իշխանությունն այս աշխարհում այլ կերպ է բաշխվում», - ավելացնում է գեներալը:
Տեսականորեն, Միացյալ Նահանգները ունեն միջոցներ մեր օրերի մարտահրավերներին դիմակայելու համար, սակայն գործնականում որոշ վտանգներին դիմակայելու միջոցներ դեռևս մշակված չեն: Օրինակ՝ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից ինտերնետում ծավալվող քարոզարշավը բոլորովին անսպասելի էր Արևմուտքի համար: